Անդրանիկ Քոչարյան. Զիջումները միակողմանի չեն կարող լինել
«Շատ ա շահարկվում, որ մենք էս խնդիրը եթե գնում ենք լուծումների, դիտվում ա որպես միակողմանի: Բացարձակ միակողմանի չի կարա լինի», - այսօր հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Արդյո՞ք վարչապետի մատնանշած կոնկրետ տարածքները Ադրբեջանին փոխանցելու դիմաց Հայաստան էլ կստանա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները։ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։ Վարչապետը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ արդյո՞ք այդ հատվածի սահմանազատման արդյունքում Հայաստանը ետ է ստանալու Տավուշի մարզի 9 բնակավայրերի, այդ թվում՝ Բերքաբերի հողերը, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են։
«Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ էն ինչ որ մերն ա, մերն ա, բայց էդ մերը պետք ա արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն, էն, ինչ որ մենք գիտենք, միջազգայնորեն ճանաչված սահմանագծման արդյունքում, դա պետք ա ընդունի նաև հակառակ կողմը», - ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:
«Ազատություն». - Բերքաբեր գյուղի տարածքները մենք հետ ստանալո՞ւ ենք այս հատվածում:
Անդրանիկ Քոչարյան. - Դա խոսում ա, որ մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք՝ որն ա մերը, որն ա իրանցը:
«Ազատություն». - Այսինքն, միակողմանիորեն Հայաստանը այդ տարածքները, որոնց մասին խոսում է Ադրբեջանը, չի փոխանցելու Ադրբեջանին, և եթե փոխանցի, ապա դրա դիմաց պետք է ստանա այդ հատվածում այն տարածքները, մասնավորապես, օրինակ, նաև Բերքաբերի այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանն էլ կստանա այդ մասով իր տարածքները: Եվ պետք է երկկողմանի համաձայնություն լինի, նո՞ր ստորագրվի:
Քոչարյան. - Երեկվա հարցուպատասխանից և հանրապետության վարչապետի պատասխաններից Դուք չընկալեցի՞ք, որ հենց այդ ճանապարհով ա գնալու Հայաստանի Հանրապետությունը, ինչ որ Դուք ասեցիք: Նորից՝ պարզ ձևակերպումով, մաթևոսյանական ձևակերպումով՝ էն, ինչ որ մերն ա, մերն ա:
«Ազատություն». - Իսկ եթե Ադրբեջանը չի՞ տալիս այն, ինչը որ մերն է:
Քոչարյան. - Կիկոսի մահը հիմա հիշեցրեց Ձեր հարցը:
Չնայած իշխանությունը պնդում է, որ Հայաստանը միակողմանի քայլերի չի գնում, հայտարարելով կոնկրետ հատվածում Ադրբեջանին կոնկրետ տարածքներ փոխանցելու պատրաստակամության մասին, Բաքուն իր հերթին հրաժարվում է ընդունել, որ օկուպացրած է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, որոնց մեջ են մտնում, ի դեպ, նաև Փաշինյանի կողմից երեկ հիշատակված Բերքաբեր գյուղի տարածքները:
Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համաձայն՝ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
Ավելին, Փաշինյանն ինքն էր հենց Ոսկեպարում հայտարարել՝ Բաքուն չի նահանջելու. - «Եթե մենք ստեղ գալիս ենք և հստակ կանգնում ենք մեր սահմանագծի վրա, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ ինքը սահմանագծից առաջ ա, ինքը նահանջելո՞ւ ա միաժամանակ: Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ոչ, չի նահանջելու»:
Ի՞նչ քարտեզների հիման վրա է Հայաստանը պատրաստակամություն հայտնում սահմանագծում իրականացնել։ Երեկ վարչապետն ուղիղ ասաց. - «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա»:
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ այսօր նշեց. - «Իհարկե, քարտեզների ընտրությունը ամենաբարդ խնդիրն ա, որին պետք ա հասնել բանակցությունների ընթացքում»:
Սեյրան Օհանյան. Իշխանությունն ընթացակարգեր է խախտում, ինչը հանցագործություն է
Ընդդիմությունից, մինչդեռ, պնդում են՝ առանց սահմանազատման շուրջ համաձայնագրի, այսինքն՝ առանց համաձայնացված քարտեզի սահմանագծում իրականացնելով իշխանությունը ընթացակարգեր է խախտում, ինչը հանցագործություն է:
«Այսօր մենք գիտենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը, թվեր են, չէ՞, հնչում՝ 200 քառակուսի կիլոմետրից ավել մխրճված են մեր տարածքներ: Եվ այսօր սահմանագծում և սահմանազատում է իրականացվում, ընդ որում՝ անձնական նախաձեռնությամբ, միակողմանի, ընդ որում՝ նաև սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով վախեցնելու, այդ քայլին գնալը պարտադրելը ընթացակարգերի խախտում է», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Քարտեզ չկա՝ երեկ ինքը ասաց, դեռևս համաձայնություններ չկան, ինքը արդեն գնում է երկրորդ միջոցառման իրականացմանը՝ սահմանագծմանը, և ասում է ժողովրդին՝ «դուք այստեղից պետք է հետ վերադառնաք, և եթե հետ չգնաք, ապա մեկ շաբաթից պատերազմ է սկսելու»: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ դավաճանական պահվածք Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ, և էստեղ իրավական գործընթացների սկսելու երևի հիմքեր կլինեն, եթե ինքը այդ քայլերը նախաձեռնի», - պնդեց Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարն զգուշացրեց ՝ այն մարդիկ, ովքեր կներգրավվեն այդ գործընթացում, պատասխանատվություն կկրեն:
«Եվ նույն բանակում կան խելացի մարդիկ, որոնք որ այս անօրինական գործընթացից կարող են հրաժարվել», - ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Ըստ Հանրապետականի՝ դրանք Հայաստանի տարածքներ են
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության համոզմամբ՝ այնտեղ, որտեղ կանգնած են Հայաստանի Զինված ուժերը, դրանք Հայաստանի տարածքներ են: Հետևաբար, հանրապետական պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով, Փաշինյանն իրավունք չունի այդ տարածքներից Հայաստանի Զինված ուժերը ետ քաշելու որոշում կայացնել:
«Դրանք պետական հանցագործություններ են, իրենց մեջ հանցակազմեր պարունակող գործողություններ են», - հայտարարեց Մկրտչյանը:
«Ազատության» ճշտող հարցին՝ Հանրապետականը Հայաստանի Հանրապետության տարա՞ծք է համարում այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է, և Ադրբեջանն էլ պահանջում է, պատգամավորը պատասխանեց. - «Դրանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնուրույնության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն են»:
Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, պնդում է՝ այդ տարածքները երբեք դե յուրե Հայաստանինը չեն եղել: