Սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի համար նպաստավոր արդյունքի հասնելու առումով լավագույն ձևը չէ: Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին՝ այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան:
«Անհրաժեշտ է այս հարցերը լուծել հանգիստ, կառուցողական միջոցով, դրա մեխանիզմը կա՝ դա հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է, մենք պատրաստ ենք օգնել այդ գործում՝ հաշվի առնելով մեր փորձը։ Պետք է աշխատանք տարվի աս կառույցում, և մենք պատրաստ ենք ըստ ամենայնի դրան աջակցել», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովան ավելացրել է, թե Ռուսաստանը ոչ մի կերպ կապ չունի այն որոշումների հետ, որոնց հնարավորության մասին խոսել է Հայաստանի ղեկավարությունը։
«Մեզ հետ այս հարցով խորհրդակցություններ չեն եղել, շփումներ չեն եղել», - ընդգծել է Մարիա Զախարովան:
Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը մասնավորապես ասել էր՝ պատերազմ թույլ չտալն է պատճառը, որ «պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման»: «Մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում ա, որ շաբաթվա վերջ պատերազմ ա սկսելու», - նաև հայտարարել էր ՀՀ վարչապետը: