Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին. ԱԺ նախագահ


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն։ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով քննարկում, ըստ Սիմոնյանի, չի եղել։

Եվրամիությանն անդամակցելու հեռանկարից Երևանը մինչ այս պահը ուղիղ չի խոսել, բայց հենց վարչապետն է հայտարարել՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Միությունը թույլ կտա։

Այս ամենով հանդերձ, խորհրդարանի ղեկավարը պնդում էր՝ իշխանությունը չի քննարկում արտաքին քաղաքական վեկտոր փոխելու հարց:

«Կարծում ենք, որ մեր անվտանգությունը՝ դա ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը, դրանով փորձելը: Որովհետև էն՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից մենք, սենց ժողովրդական լեզվով խոսեմ, էլի, ոչ թե քաղաքական՝ մենք ավելի ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս՝ երբ որ դաշնակիցը, որը որ մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանել», - հայտարարեց ԱԺ նախագահը:

«Այն դեպքում, երբ Դուք ասում եք, որ Հայաստանը պատրաստ է ընդհուպ մինչև Եվրամիության անդամության թեկնածուի հայտ ներկայացնել, սա չի՞ նշանակում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, ինչո՞ւ եք անընդհատ հերքում դա», - «Ազատության» այս հարցին Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Որովհետև չեմ ուզում շտապել, երկրորդը՝ չեմ ուզում ստացվի, որ միակողմանի ինչ-որ քայլ է արվում: Կարելի է ասել՝ մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ ու շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն Եվրամիության անդամ են: Եվ ես կարծում եմ, որ էդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց նորից՝ ես չեմ ուզում շտապեմ և քայլ անեմ, որովհետև երկրի պարագայում, պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չի»։

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, ԱԺ նախագահի խոսքով, չկա՝ չնայած երեկ վարչապետը, այսօր էլ՝ հենց ինքը՝ Ալեն Սիմոնյանը չբացառեց այդ հեռանկարը։ Այդ դեպքում արդյոք չեն կարող Ռուսաստանի հետ խնդիրներ ծագել. - «Չգիտեմ՝ արդեն ինչ խնդիր պետք է ստեղծի, չգիտեմ՝ հարձակվի մեր վրա, սանկցիաներ կիրառի, արդեն ի՞նչ պետք ա անի: Ասենք, մենք պաշտպանության կարիք ունեինք՝ թե՛ Լեռնային Ղարաբաղի մասին եմ խոսում, թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին, բայց մեկ տասնյակից ավել դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չի՛ օգնում, հիմա չեն օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու: Էդքան ռեսուրս չունենք, որպեսզի մեր երեխաների, մեր տղաների հաշվին և մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեզ մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե՛ ՀԱՊԿ-ով, թե՛ ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու։ Գցում են իրենց վրայից {դաշնակցային} պարտավորությունները»։

«Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ-ին հակակշիռ չի ստեղծել»

Հայաստանի իշխանությունը ռազմաքաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ-ին հակակշիռ չի ստեղծել, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իշխանության քայլերը խնդրահարույց է համարում:

«Պայմանականորեն Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացնելը, որի պայմաններում Ռուսաստանի կամ Հայաստանի նախաձեռնությամբ կարող է լինել, օրինակ, այդ զորքերի դուրսբերում, ապատեղակայում, ապա այս իրավիճակում, բնականաբար, հայ - թուրքական սահմանին պահպանության հարց է առաջանալու, որը պետք է պահովվի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կամ, պայմանականորեն, ԱԱԾ սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ լրացուցիչ ռեսուրս, բավականին մեծ սահման, Թուրքիայի նման անկանխատեսելի պետություն. հենց մենակ էս օրինակը ցույց է տալիս այն սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ», - ասաց Աբրահամյանը:

«Եվրամիության դիտորդական առաքելությունը ես չեմ համարում բալանս, և ըստ այդմ իմ համար տեսանելի չէ՝ Ռուսաստանի արդյունավետ, ոչ արդյունավետ ներկայացվածությունը տարբեր ուղղություններում կամ դրա բացակայությունը Հայաստանի համար ինչ հետևանք կարող է ունենալ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Արդյոք իշխանությունը հաշվարկել է ռիսկերը. - «Իհարկե մտահոգված ենք, բայց մեր համար ակնհայտ է, որ էս անվտանգային համակարգը չի գործում: Անվտանգային այլընտրանքը Հայաստանի Հանրապետության, իմ կարծիքով, բոլոր հնարավոր միջոցները օգտագործելն է, նաև փորձ անել, ճիշտ է՝ անհույս փորձ անել, բայց փորձ անել ՀԱՊԿ-ի՛ն ինչ-որ ձևով վերակենդանացնել», - հայտարարեց ԱԺ նախագահը:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանն այսօր չէր բացառում, որ 44-օրյա պատերազմը ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածությամբ է սկսվել, ինչպես ձևակերպեց՝ «Հայաստանի ու Ադրբեջանի վզին օղակ գցելու համար»։

Այս պահին էլ ԱԺ խոսնակը պայմանավորված էսկալացիան չի բացառում. - «Մեր ամենամեծ մտահոգությունը՝ թե որտեղից է հարվածը լինելու, և ակնհայտ է, որ էդ հարվածը արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»:

«Աշխարհաքաղաքական հարց է լուծել հայ ժողովուրդը 2021 թվականին իր ընտրությամբ», - ասաց Սիմոնյանը:

«Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ՝ սա է մեծ պլանը», - պնդեց ԱԺ նախագահը՝ «Ազատության» հարցին՝ «Հայաստանին պաշտոնապես եղե՞լ է այդպիսի առաջարկ, դուք մերժե՞լ եք», արձագանքելով. - «Չէ, ըտենց չեն անում, էնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի, այսպես ասած, նոր իշխանությունը ասի՝ դե նախկինները, այսինքն՝ մենք այս պարագայում, այդ ընտրության դեպքում, նախկիններն են մեղավոր, և այլևս անվտանգային որևիցե լուծում չկա, քան՝ դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»:

Ամիսների կայունությունից հետո վերջին անգամ իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին սրվեց երկու շաբաթ առաջ՝ Սյունիքի Ներքին Հանդում, ընդ որում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս սահմանապահներին մեղադրեց էսկալացիան չկանխելու համար։

XS
SM
MD
LG