Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է․Պատել


«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Նա վստահեցրել է՝ այդ ուղղությամբ վարչությունը կշարունակի աշխատել։

«Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում», - ասել է Պատելը:

Հունվարի 8-ին Երևանում էր ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։ Նա հանդիպեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական կարգավորման հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներում քննարկեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Լուիս Բոնոն, ի դեպ, Երևանից հետո Բաքու չայցելեց. թե ինչու, ամերիկյան ու ադրբեջանական կողմերը պաշտոնապես չեն բացատրել։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը միայն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։

Երեկ հեռավար ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարեց՝ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու։

Օ՛Բրայենը «տպավորիչ» է համարել Հայաստանի բարեփոխումների օրակարգը, Ադրբեջանի մասին էլ ասել, թե այդ երկիրը «տարածաշրջանային զարգացմանը նպաստելու պլաններ ունի», և ամերիկյան կողմի կարծիքով՝ խաղաղության համաձայնությունը միայն կնպաստի այդ պլաններին։

«Կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ [Ադրբեջանում] ձերբակալված անձանց հետ կապված մեր մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Արդյո՞ք Օ՛Բրայենն ազդարարում էր առաջիկա խոսակցությունների մասին, Պատելը չի հստակեցրել․ - «Ես այս պահին ձեզ համար կանխատեսումներ չունեմ, բայց երբ դա անենք, անկասկած կկիսվենք համապատասխան տեղեկություններով»։

Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Լուիս Բոնոյի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:

Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն խոսում է երկկողմ՝ առանց միջնորդների հանդիպման մասին։ Անցած տարեվերջին արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները Բաքուն չեղարկեց՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով կողմնակալության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG