Նոր Սահմանադրություն ունենալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ավելի քանի մեկ ամիս անց «Քաղաքացիական պայմանագրում» դեռ որոշում չկա՝ արդյոք Սահմանադրությունից կհանվի Անկախության հռչակագրին հղումը, «Ազատության»-ն ասաց պատգամավոր, Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
Իշխող կուսակցությունը պարբերաբար է նիստեր անցկացնում, բայց հենց Սահմանադրության նախաբանը փոխելու հարցը, ինչպես պատգամավորն է վստահեցնում, անգամ չեն քննարկել:
«Սահմանադրության փոփոխությունները, նոր Սահմանադրության ընդունումը գտնվում են Սահմանադրական փոփոխությունների խորհրդի դաշտում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ կուսակցությունը վերջնական որոշում չի կայացրել, որովհետև այս պահի դրությամբ վերջնական քննարկում չի ունեցել, բայց պարզ է, որ վարչապետի դիրքորոշումը դա է: Բայց ոչ թե վարչապետն ասում է՝ սա պետք է արվի, ինքն ասում է՝ ես այստեղ տեսնում եմ ռիսկ, այսինքն, դաշտ է բացվում՝ հանրության լայն շրջանակների համար քննարկման», - նշեց Ջուլհակյանը:
Չնայած Բաքվից ուղիղ պահանջում են փոխել օրենքները՝ դրանցում տարածքային նկրտում տեսնելով Ադրբեջանի նկատմամբ, սակայն իշխանությունը ամենաբարձր մակարդակով պնդում է, թե սա Հայաստանի ներքին հարցն է:
Այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության նախաբանը փոխել-չփոխելու մասին խոսելիս առաջին հերթին արտաքին վտանգներն է թվարկում: Ըստ էության, ակնարկում, որ Սահմանադրությունը չփոխելու դեպքում՝ Հայաստանին պատերազմ է սպառնում, իսկ դրանից հրաժարվելը՝ նվազեցնում Ադրբեջանի հարձակման հնարավորությունը:
Իշխանական պատգամավորն ասում է՝ այժմ հանրությունն ու քաղաքական դաշտը պետք է որոշեն՝ իրենք էլ են նույն ռիսկը տեսնո՞ւմ, թե՞՝ ոչ:
«Վարչապետը երբ ինչ-որ թեմայի շուրջ խոսում է, մենք միշտ պետք է դրան նայենք որպես բացված թեմա, որի շուրջ պետք է հանրությունն ունենա քննարկումներ: Ես կարծում եմ, որ այդ թեման հիմա բացված է, ու հիմա մենք այդ քննարկումները տեսնում ենք տարբեր մակարդակներում: Այլ հարց է, որ որոշակի շահարկումներով է այդ քննարկումն ուղեկցվում, դա այլ հարց է, բայց ես կարծում եմ, որ սա կարևորագույն թեմա է, կարևորագույն հարց է մեր պետության և պետականության համար, և մենք պետք է հասկանանք, թե այս քննարկումներն ինչի են բերում», - ընդգծեց Ջուլհակյանը:
Ընդդիմությունը շարունակում է պնդել՝ Սահմանադրության փոփոխությունը Երևանին Բաքուն է պարտադրում
Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ Սահմանադրության փոփոխությունը Երևանին Բաքուն է պարտադրում: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին հակառակի մասին իշխանականների հակադարձումները չեն համոզել։
«Ինչ-որ ճանապարհ կգնան, հետո տեսնեն եթե ընդվզումը բավականաչափ հզոր լինի, կարծում եմ, հետ կկանգնեն, ու հտևաբար պետք է, որ այդ ընդվզումը բավականին մեծ լինի: Սահմանադրությունը, ինչպես ցանկացած օրենք, իհարկե զարգանում է, բայց դա պետք է լինի մեր երկրի որոշումը, մեր քաղաքացիների որոշումը, այլ ոչ թե թշնամու պարտադրանքը», - ասաց Խաչատրյանը:
Ադրբեջանից պնդում են, թե առանց Սահմանադրության և մյուս իրավական ակտերի փոփոխության հայ-ադրբեջանական խաղաղություն հնարավոր չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հռչակագրի պահպանումը համարում է սպառնալիք, մյուս կողմից պնդում, թե Հայաստանի օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ չկա:
«Սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է, որի իրավական նրբությունների մեջ խորանալու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում», - ասել է նա:
Հաշվի առնելով վարչապետի այս պնդումը, հնարավո՞ր է իշխանությունն ի վերջո որևէ փոփոխություն չնախաձեռնի:
«Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր գործողությունների հիմքում դնում է Հայաստանի Հանրապետության պետական շահն ու պետական շահից բարձր երբեք չի դասում ի հեճուկս որևէ մեկի որևէ բան անելը կամ չանելը: Հետևաբար եթե մենք ի վերջո համարենք, որ ճիշտ որոշումը սա է կամ նա է, դրա վրա չեն կարող ազդել այն, թե Ադրբեջանը դրա վերաբերյալ ինչ կարծիք ունի», - ասաց Ջուլհակյանը:
Ավելի քան մեկ ամիս է՝ Արդարադատության նախարարությունը կառավարություն է ուղարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը, դրա շուրջ, սակայն, այս ընթացքում որևէ քննարկում դեռ չի ծավալվել, ընդ որում՝ այս նախագծում Անկախության հռչակագրին անդրադարձ չկա։
Անցած շաբաթ տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստում առաջարկվել է վարչապետի մասնակցությամբ քննարկում կազմակերպել՝ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքը քննարկելու համար: Նիստի օրը դեռ հայտնի չէ։