Երևանն ու Բաքուն համարձակ քայլեր են կատարել անցյալը հետևում թողնելու համար, երեկ հայտարարել է Գերմանիայի արտգորնախարար Անալենա Բերբոքը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ այժմ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կա։
«Ես ողջունում եմ ձեզ և ձեր կառավարություններին այն խիզախության համար, որը դուք ցուցաբերում եք՝ այս նպատակին հասնելու համար», - ասել է Բերբոքը։
Առաջ շարժվելու համար պահանջվում է իրական հանձնառություն և վճռականություն, նշել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև համաձայնությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի համար՝ նպաստելով «Հարավային Կովկասի լավ ապագային և բարգավաճմանը»։
Գերմանիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Բեռլինում բանակցությունները պետք է լինեն երկու շաբաթ առաջ Մյունխենում մեկնարկած «արդյունավետ քննարկումների» շարունակություն՝ շեշտելով՝ ցանկանում են բանակցություններում առաջընթացի համար «հարմար հարթակ» առաջարկել։
«Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման։ Հետևաբար կարևոր է, որպեսզի խաղաղ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն», - եզրափակել է Բերբոքը։
Միրզոյան-Բայրամով հանդիպումը Բեռլինում մեկնարկել է երեկ և այսօր դեռ շարունակվում է։ Կողմերը հանդիպում են Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Գերմանիայի արտգործնախարարը բացի Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից, երեկ նաև առանձին հանդիպումներ է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ։