Մատչելիության հղումներ

Երևանում ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացվել խաղաղության Հայաստանի տեսլականը


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Բաքու կատարած այցից մանրամասներ է ներկայացրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման այսօր Երևանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ:

Կաումայի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով, որը նոյեմբերի 18-20-ը անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաքում:

Սիմոնյանը կարևորել է Երևանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը առաջին անգամ անցկացնելու փաստ և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա պատվիրակություններին տեղում ծանոթանալու երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի խնդիրներին, Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին, ասված է Ազգային ժողովի լրատվականի հաղորդագրությունում:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ չնայած ամենօրյա ռեժիմով միջազգային կառույցներին ուղղած ահազանգերին՝ «չստացվեց կանխել ադրբեջանական աղետը»:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու Հայաստանի տեսլականը:

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

ԵԱՀԿ ԽՎ նախագահին այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Պիա Կաուման հայտնել է, որ երևանյան նիստի ընթացքում քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG