Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով․ Փաշինյան


Երևանը Բաքվին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այսուայն կողմում, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ-անկալվների հարցերը, այսօր Երևանում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենն, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։

Փաշինյանը նշեց՝ Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար։

Վարչապետը դրա օբյեկտիվ պատճառներն էլ նշեց՝ «երկարամյա հակամարտությունը պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներ գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ, ընդ որում ինչ ասում եմ, այս կամ այն պահով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»։

Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։

«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է», - ասաց գործադիրի ղեկավարը։

Հայ-թուրքական հարաբերություններից

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Փաշինյանը նախ ընդգծեց, որ Երևանն երկխոսության մեջ է նաև Անկարայի հետ, ապա շեշտեց՝ նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չեն ունեցել։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս որևէ հաջողություն չունենք, ասաց վարչապետը՝ նկատելով՝ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է Հարավային Կովկասի՝ խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար:

«Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, և սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ: Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, և Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը», - եզրափակեց գործադիրի ղեկավարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG