Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բահրեյնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»  հայեցակարգը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Բահրեյն։

Նա Մանամայում Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և դեռ պահպանվող խնդիրներին Հայաստանն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ նպատակով կառուցողականորեն ներգրավված է եղել բանակցություններում։

Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Ըստ ՀՀ կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վարչապետը ներկայացրեց Թբիլիսի այցի ժամանակ, «խաղաղության օրակարգի կարևոր մաս է, որի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»։

XS
SM
MD
LG