Արդարադատության միջազգային դատարանն այսօր հրապարակեց իր որոշումը հոկտեմբերի 12-ին Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ներկայացված դիմումի վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունը դիմել էր միջազգային դատարանին՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ, որ վերջինս հրաժարվի «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանի իրականացրած ռազմական օպերացիան տեղի է ունեցել բնակչության խոցելիության, սոցիալական վտանգված իրավիճակի պայմաններում, և ավելի վաղ դատարանն արդեն արձանագրել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները տուժում էին Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապի խափանման պատճառով։
Նաև նշվեց, որ դատարանը համարում է՝ առկա է անշրջելի վնաս պատճառելու ռիսկ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտման վերաբերյալ, այդ ռիսկը հրատապ է նախքան դատարանի՝ սույն գործով վերջնական որոշումը կայացնելը, հետևաբար՝ «Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաև նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնավայրում առանց սպառնալիքների»:
«Նախքան գործով վերջնական որոշման կայացումը Ադրբեջանը պարտավոր է՝ առաջին՝ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 19-ից հետո հեռացած մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների, երկրորդ՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց ելքը, եթե նրանք ցանկանում են, արագ ու անվտանգ պայմաններում, և երրորդ՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն մարդիկ, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում կամ սեպտեմբերի19-ից հետո վերադարձել են ԼՂ, կարողանան դա անել առանց ուժի կիրառման կամ սպառնալիքի», - ասված է որոշման մեջ, որը հրապարակեց Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դանեհյուն։
Նա ավելացրեց, որ «հաշվի առնելով դատարանի կիրառած ժամանավոր միջոցների առանձնահատկությունները և Ադրբեջանի՝ հոկտեմբերի 12-ին ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը պարտավոր է դատարանին հաշվետվություն ներկայացնել այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանավոր միջոցների կիրառությունը այս որոշումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։ «Այդ հաշվետվությունը կուղարկվի Հայաստանին, որին հնարավորություն կտրվի ներկայացնել դատարանին իր մեկնաբանությունը դրա վերաբերյալ», - հայտարարեց Արդարադատության միջազգային դատարանը: