Մատչելիության հղումներ

Բլինքեն․ «Քանի կա ԱՄՆ-ը՝ Իսրայելը մենակ չի լինի»


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ ասուլիսը Թել Ավիվում, 12-ը հոկտեմբերի, 2023թ․
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ ասուլիսը Թել Ավիվում, 12-ը հոկտեմբերի, 2023թ․

Քանի դեռ Միացյալ Նահանգները գոյություն ունի՝ Իսրայելը միայնակ չի լինի։ Սա էր այն գլխավոր ուղերձը, որ իր հետ Թել Ավիվ էր բերել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Դուք գուցեև բավականաչափ ուժեղ եք՝ ինքներդ ձեզ պաշտպանելու համար, բայց քանի դեռ Ամերիկան գոյություն ունի, դուք երբեք, կրկնում եմ՝ երբեք ստիպված չեք լինի դա անել: Մենք միշտ կլինենք ձեր կողքին», - Իսրայելի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում էր Բլինքենը՝ միաժամանակ ընդգծելով ,որ Վաշինգտոնում հոկտեմբերի 7-ի հարձակումը նախաձեռնած «Համաս»-ի և պաղեստինցիների միջև հավասարության նշան չեն դնում։

«Մենք գիտենք, որ «Համաս»-ը պաղեստինյան ժողովրդի կամ նրա՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ ապրելու օրինական ձգտումների ներկայացուցիչը չէ։ Մենք գիտենք, որ «Համաս»-ը չի պաշտպանում այն ապագան, որը ցանկանում են պաղեստինցիները իրենց և իրենց երեխաների համար: «Համաս»-ը միայն մեկ օրակարգ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել հրեաներին», - ասում էր Բլինքենը։

Հրեաներն ի պատասխան ռմբակոծում են Գազայի հատվածը՝ գրեթե չթաքցնելով, որ ի տարբերություն նախկին գործողությունների՝ այս անգամ որևէ տարբերակում ռազմական և քաղաքացիական թիրախների միջև չի դրվում։ Ինչպես Тimes of Israel պարբերականի հետ զրույցում անկեղծորեն խոստովանել է իսրայելցի բարձրաստիճան զինվորականներից մեկը՝, Գազային հասցվող հարվածները՝ «այլևս չունեն առաջվա վիրաբուժական ճշգրտությունը»։ Որպես հետևանք՝ աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը համարվող Գազայում ժամ առ ժամ աճում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը Գազայում գերազանցել է 1400-ը։

Reuters գործակալության թղթակիցներն այսօր առավոտյան ներկա են գտնվել Գազայից հարավ գտնվող Խան Յունիսում զոհված խաղաղ բնակիչների հուղարկավորությանը։ Տեղացիներից մեկի պնդմամբ՝ քաղաքի գերեզմանատանը հուղարկավորության համար նախատեսված տեղերն այլևս չեն հերիքում։

«Երեկվանից մենք Խան Յունիսում արդեն 50 զոհ ենք ունեցել, և նրանց թիվը շարունակում է աճել։ Այժմ մենք ստիպված ենք մարդկանց հուղարկավորել այն տարածքներում, որ մեզ անհատույց տրամադրում են այս կամ հողակտորի տերերը», - Reuters-ի հետ զրույցում նշել է Գազայի բնակիչ Ադել Համադը։

Ռազմաճակատի գծից այն կողմ՝ Իսրայելում ևս վերջին հրաժեշտն են տալիս «Համաս»-ի հարձակման զոհերին։ Այդ ամենի ֆոնին, Իսրայելի առաջատար իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները երեկ երեկոյան հայտարարեցին միասնական կառավարության ձևավորման մասին, որը ղեկավարելու է գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Արտակարգ կառավարման այս մարմինը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում են մարտական գործողությունները, և չի կայացնի որևէ որոշում, որն առնչություն չի ունենա «Համաս»-ի դեմ պատերազմին։

«Այն հանգամանքը, որ մենք այսօր այստեղ ենք՝ կողք-կողքի կանգնած, ուղերձ է մեր թշնամիներին և ինչը թերևս շատ ավելի կարևոր է՝ Իսրայելի քաղաքացիներին, որ մենք միասին ենք ու մենք բոլորս զինվորներ ենք», - հայտարարում էր արտակարգ իրավիճակների կառավարությանը մաս կազմած ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը։

Նոր կառավարության վերաբերյալ շարքային իսրայելցիների տեսակետներն առայժմ իրարամերժ են։ Ոմանք պնդում են, որ լուրջ արդյունքներ ակնկալել պետք չէ։

«Նախորդ կառավարությունից ես շատ հիասթափված ու դժգոհ էի, դա առավելապես [հրեա] վերաբնակիչների կրոնական կառավարություն էր, և ես կարծում եմ, որ այս հակամարտությունը հենց այդ կառավարության ոչ կոմպետենտության արդյունք էր։ Ես ուրախ եմ, որ այժմ այս միասնական կառավարությունը գոյություն ունի, սակայն Իսրայելի ընդհանուր ապագան ես չեմ տեսնում։ Հասարակությունը պարզապես քայքայվում է», - նշում է Թել Ավիվի բնակիչ Կասիո Լինսը։

Մեկ այլ շարքային իսրայելցու՝ Ադի Ավիանիի տեսակետները տրամագծորեն հակառակն են։Նրա համոզմամբ` նորաստեղծ կառավարության գլխավոր գործառույթը հեռու և մոտ հարևաններին պատժելն է․ - «Մենք պետք է քանդենք Գազան։ Եթե պետք լինի՝ պետք է քանդենք նաև Լիբանանը, եթե «Հեզբոլա»-ն իրեն լավ չպահի։ Դե հետո էլ՝ Իրանը»։

Ի դեպ, Իրանի մասին։ Թեհրանի հովանավորությունը վայելող, Լիբանանի հարավային շրջանները վերահսկող «Հեզբոլա» շարժումը թեև վերջին օրերին ակտիվացել է, բայց և այնպես լայնածավալ գործողությունների՝ «Համաս»-ի օրինակով, առայժմ չի դիմում։ Չնայած դրան՝ Իսրայելի Պաշտպանության բանակը հյուսիսային սահմանի երկայնքով մեծ քանակությամբ պահեստազորայիններ և զրահատեխնիկա է կուտակել։

Աճող լարվածության ֆոնին, մի քանի ժամ առաջ սիրիական աղբյուրները հաղորդեցին, որ իսրայելական բանակը հրթիռակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները։ Որն էր սիրիացիների մեղքն այս անգամ՝ իսրայելական աղբյուրները առայժմ չեն հստակեցնում։

Քանի դեռ ԱՄՆ-ը գոյություն ունի, Իսրայելը միայնակ չի լինի. Բլինքեն
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG