Հինգերորդ օրը շարունակվող պատերազմի հետևանքով Գազայի հատվածը ծանր հարվածների է ենթարկվում, շրջանի մի շարք թաղամասեր ավերակների են վերածվել, օդային հարվածների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ ստիպված լքել են իրենց տները, հաղորդվում է հարյուրավոր զոհերի, հազարավոր վիրավորների մասին, Գազան լիակատար շրջափակման մեջ է՝ զրկված էլեկտրաէներգիայի, ջրի, սննդի, դեղորայքի մատակարարումներից։ Սրանք Իսրայելի պատասխան գործողություններն են «Համաս»-ի արյունալի ներխուժմանը։
Իսրայելն աննախադեպ հաշվեհարդար է խոստացել «Համաս»-ին, որի զինյալները շաբաթ օրը հատելով սահմանային պարիսպը՝ իրենց տներում, փողոցներում և բացօթյա երաժշտական փառատոնի ժամանակ գնդակահարել են հարյուրավոր իսրայելցիների, զուգահեռաբար ընդամենը 20 րոպեում շուրջ 5 հազար հրթիռ արձակել Իսրայելի տասնյակ քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ։
Երեկ երեկոյան Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է՝ բանակն անցնում է լայնածավալ հարձակման։ «Ես չեղարկել եմ բոլոր սահմանափակումները, մենք վերականգնել ենք այդ շրջանի նկատմամբ վերահսկողությունը և անցնում ենք լայնածավալ հարձակման։ Նրանք կզղջան այս պահի համար, Գազան երբեք առաջվանը չի լինի։ Նրան, ով կգա գլխատելու, սպանելու կանանց, տղամարդկանց, Հոլոքոսթը վերապրածներին, մենք կոչնչացնենք ամբողջ ուժով և առանց փոխզիջումների», - ասել է Գալանտը։
9 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Իսրայելում ավելի քան 300 հազար պահեստային է մոբիլիզացվել, և չի բացառվում, որ Ցախալը ցամաքային հարձակում սկսի՝ տապալելու 2007 թվականից ափամերձ ինքնավարությունը վերահսկող «Համաս» խմբավորմանը, որն աշխարհի մի շարք երկրներ՝ այդ թվում Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, համարում են ահաբեկչական կառույց։
Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դորոն Շպիլմանի խոսքով, Իսրայելը պատրաստվում է ցանկացած սցենարի՝ շարունակելով մեծացնել ցամաքային զորքերը իր հարավային սահմանների երկայնքով մեկ։
«Չկա մի ընտանիք, որ բանակ զորակոչված չունենա։ Եվ, ցավոք սրտի, քանի որ մենք փոքր երկիր ենք, չկա ընտանիք, որ չունենա ընկերներ կամ մերձավորներ, որոնք դեռ անհետ կորած են», - նշել է Շպիլմանը։
«Համաս»-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմի զոհերի թիվը հասել է 1200-ի, Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծությունների և հրթիռակոծությունների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի պաշտոնյաների տվյալներով՝ փլատակներում դեռևս անհայտ թվով դիակներ կան, պատերազմող կողմերի վիրավորների ընդհանուր թիվը մոտ 10 հազար է: «Համաս»-ի կողմից գերեվարված իսրայելցիների թիվը մոտ 150 է։
Միջնորդներին, այդ թվում՝ Եվրամիությանը, Եգիպտոսին, Թուրքիային, դեռևս չի հաջողվում պատերազմող կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։
Մինչ այդ՝ օր-օրի մեծանում է իսրայելական բանակի և «Համաս»-ի զինյալների միջև ռազմական գործողությունները տարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգը։ Արդեն հաղորդվում Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով բախումների մասին։ Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր կեսօրին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գործող «Հեզբոլա» շարժման դիրքերին։ Այս մասին հաղորդել են իսրայելական պաշտոնական աղբյուրները։Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Հեզբոլա»-ի զինյալները գնդակոծել են իսրայելական բանակի դիրքերը՝ ոչնչացնելով առնվազն մեկ միավոր զրահատեխնիկա։
Այս բախումների ֆոնին Իսրայելին և Պաղեստինին սահմանակից Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը հայտարարել է՝ Մերձավոր Արևելքում անվտանգություն և կայունություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները չեն ստացել իրենց անկախ ինքնիշխան պետությունը 1967 թվականին գոյություն ունեցող սահմաններում՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմը ներառյալ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին է համոզված, որ արաբա-իսրայելական հակամարտությունը կլուծվի պաղեստինյան ինքնիշխան պետության ստեղծմամբ։ Ուկրաինայում խաղաղ բնակչությանը հրթիռակոծելու մեջ մեղադրվող Կրեմլի ղեկավարը պատերազմող կողմերին կոչ է արել նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները․ - «Եթե տղամարդիկ որոշել են կռվել, թող կռվեն իրար հետ։ Երեխաներին և կանանց հանգիստ թողեք»։ Մերձավոր Արևելքում հերթական սրացման համար Պուտինը Միացյալ Նահանգներին է մեղադրել և պնդել, թե Վաշինգտոնը հակամարտությունը կարգավորելու համար բավարար ջանքեր չի գործադրել։
Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, մինչդեռ, հայտարարել է, որ «Համաս»-ի ահաբեկիչների նպատակը ոչ թե Պաղեստինի ժողովրդի արժանապատիվ և ինքնորոշման իրավունքը պաշտպանելն է, այլ Իսրայելի պետությունը ոչնչացնելն ու հրեաներին սպանելը։ «Իսրայելն իրավունք ունի և պարտավոր է պատասխանել այդ չարամիտ հարձակումներին», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց դա պետք է անի միջազգային իրավունքներին, մարդասիրական իրավունքներին համապատասխան, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ «Համաս»-ի դեմ պատերազմ հայտարարած Իսրայելին կոչ անելով վերացնել Գազայի լիակատար շրջափակումը։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է՝ «Համաս»-ը ահաբեկչական կազմակերպություն է, բայց ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ»։