Մատչելիության հղումներ

Իսրայելը Գազայի հատվածին հումանիտար որևէ օգնություն չի թույլատրի, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվել


Գազայի հատված - Իսրայելի օդուժը հարվածում է Գազա քաղաքին, 12-ը հոկտեմբերի, 2023թ․
Գազայի հատված - Իսրայելի օդուժը հարվածում է Գազա քաղաքին, 12-ը հոկտեմբերի, 2023թ․

Իսրայելն այսօր հայտարարեց, որ թույլ չի տա հումանիտար որևէ բեռի մուտք Գազայի հատված, քանի դեռ այնտեղ պահվող պատանդներն ազատ չեն արձակվել։ Իսրայելական կողմը պարզել է գերիներից 97-ի ինքնությունը։

Հումանիտար օգնությունն արգելելու մասին Իսրայելի հայտարարությունը հնչեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խնդրանքից հետո, որ Գազայի հատվածին վառելիք տրամադրվի՝ «կանխելու հիվանդանոցների վերածվելը դիահերձարանների»։ Ըստ Կարմիր Խաչի՝ Գազայի հատվածի հիվանդանոցներում գեներատորների վառելիքը կվերջանա մի քանի ժամվա ընթացքում։

Գազայի հատվածը շրջափակած Իսրայելը երդվել է վերացնել «Համաս»-ը, որի զինյալներն անցած շաբաթավերջին մահաբեր հարձակում գործեցին Իսրայելի վրա։

Իսրայելի հանրային Kan հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ իսրայելական կողմի զոհերի թիվն անցնում է 1300-ը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ շաբաթ օրվանից սկսված Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում այսօրվա դրությամբ 1354 մարդ է զոհվել։

Գազայի հատվածը 2 միլիոն 300 հազար բնակչություն ունի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին չորս օրվա ընթացքում 340 հազար մարդ դուրս են եկել իրենց տներից, նրանց մեծ մասն ապաստանել է ՄԱԿ-ի հովանավորությամբ գործող 97 դպրոցներում։

XS
SM
MD
LG