Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնել՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը թուլացնելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել՝ ներառյալ միջնորդություն և «արդար արբիտրաժ», որպեսզի մեր տարածաշրջանը հնարավորինս արագ դուրս բերենք այս հորձանուտից»,- մասնավորապես, ըստ Anadolu գործակալության, ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաև կոչ է արել տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր միջազգային խաղացողներին անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։
6-րդ օրը շարունակվող պատերազմի հետևանքով Գազայի հատվածը ծանր հարվածների է ենթարկվում, շրջանի մի շարք թաղամասեր ավերակների են վերածվել, օդային հարվածների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ ստիպված լքել են իրենց տները, հաղորդվում է հարյուրավոր զոհերի, հազարավոր վիրավորների մասին։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով: