Մատչելիության հղումներ

Արցախում սեպտեմբերի 25-ի պայթյունի տարածքից հայտնաբերվել է ընդհանուր 170 աճյուն և մասունք․ Արցախի ՆԳՆ


Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ տարածքից հայտնաբերված անձնական իրերը տեղափոխվել են օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստան՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Պայթյունից հետո Ստեփանակերտը հաղորդեց 290-ից ավելի տուժածի մասին, նրանք բոլորը տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով:

Պաշտոնական տվյալներով՝ պայթյունից հաստատված մահերի թիվն այս պահին 68 է։ Առայժմ պարզ է միայն 21-ի ինքնությունը: 105 մարդու ճակատագիրն անհայտ է, ենթադրվում է՝ շատերը պարզապես մոխրացել են։ Աղետի պատճառների մասին պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվել, ականատեսները պատմել են՝ անփութություն է եղել:

Փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողներին և քաղաքացիական անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Այսօր Արցախի ներքին գործերի նախարարությունը նաև տեղեկացրեց, որ երեկ երկու աճյուն է հայտնաբերվել․ մեկ քաղաքացու դի հայտնաբերվել է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից, մեկ զինծառայողի աճյուն էլ՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, ասված է հաղորդագրությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG