Ստեփանակերտի հարակից տարածքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժած բոլոր անձինք արդեն տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով:
Հաղորդվում է, որ նրանց տեղափոխումը այսօր էլ է շարունակվում։ Տուժածների մեծ մասի վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր է գնահատվում։ 86 տուժած Երևանի այրվածքաբանականում է բուժում ստանում։ Շտապօգնության մեքենաների հոսքն այստեղ երեկ անդադար էր:
«Բոլորն ինդենտիֆիկացված են, անուն ազգանունները գիտենք, ցավոք սրտի, մեծ մասը գտնվում է ծանր վիճակում են, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք ռեանիմացիայում են: Ռեանիմացիան ծանրաբեռնված է մաքսիմալ», - ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը միայն կեսօրից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ գտավ։ Ասաց՝ գերծանրաբեռնված են, իրենց հետ նաև արտերկրից ժամանած բժիշկներն են աշխատում. - «Իսպանիայից բժիշկներ, Անգլիայից աշխարհահռչակ անձնավորություն օգնում է մեզ»:
Այսօր «վիրակապության օր է». Արցախում ստացած առաջին օգնությունից հետո տուժածների վիրակապերը փոխում են, վերքերը՝ մշակվում։ Նրանց վիճակն ավելի հստակ կկարողանան գնահատել ավելի ուշ:
«Այստեղ երկու մասի կարող ենք բաժանել, բուժառուներ ում մոտ մակերեսն է մեծ, գրեթե բոլորը դեմքի շրջանի այրվածք ունեն, հասկանում ենք, որ դեմքը բաց է եղել և կրակը, բոցը կարող էր այրվածք առաջացնել դեմքի շրջանում: Մի մասի մոտ նաև վերջույթների այրվածք ունենք: Մյուս տարբերակը, երբ որ մակերեսը փոքր է, բայց խորն է ախտահարումը, այստեղ արդեն լրիվ ուրիշ մոտեցում է գնում և չեմ ուզում մանրամասնեմ շատ, բայց այստեղ ավելի վիրաբուժական միջամտություններ... և հենց այս պահին բոլոր բուժառուները վիրակապվում են», - ներկայացրեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Բժշկական կենտրոնի մուտքի դիմաց էլ տուժածների հարազատներ են հավաքված, ներս մտնել թույլ չեն տալիս, անձնակազմից են պարբերաբար դուրս գալիս՝ տեղեկություններ փոխանցում:
Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտին հարակից բենզինի պահեստում պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվն այս պահին 68 է։ Առայժմ պարզ է միայն 21-ի ինքնությունը: 105 մարդու ճակատագիրն անհայտ է, ենթադրվում է՝ շատերը պարզապես մոխրացել են։
Աղետի պատճառների մասին պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվել, ականատեսները պատմել են՝ անփութություն է եղել: Տուժածների թիվն այդքան մեծ է, քանի որ մարդիկ ժամեր են անցկացնում բենզինի հերթերում։ Շրջափակված Արցախում վաղուց արդեն բենզինը խնդիր էր դարձել, հիմա այն վերջին հնարավորությունն է՝ վտանգված հայրենիքը արագ լքելու և Հայաստան տեղափոխվելու համար։
Տուժածների հարազատները լրագրողների հետ զրուցելու սիրտ չունեն, տեսախցիկի այն կողմում ոմանք անփութության՝ ավելի կոնկրետ, ծխախոտ գցելու վարկածին են հակված հավատալ, մի քանիսն էլ պնդում են՝ այդպիսի բան չէր կարող լինել։
Հակարիի կամուրջն այսօր հատած ու Սյունիք հասած Գագիկ Համբարձումյանը պայթյունից ընդամենը մեկ ժամ առաջ է այդ պահեստում բենզին լցրել։ Պատմում է՝ մոտակայքում ծխում էին. - «Մեր լսելով՝ ինչ-որ կայծ ա եղել, մի հիմար կգտնվի էլի, որ մի բան կվառի: Որ ներկա էինք, մոտակայքում ծխում էին»:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ պայթյունի պատճառները պարզելու համար քննություն է պետք անցկացնել, բայց և շեշտել էր՝ այս պայմաններում դա գրեթե անհնար է։