Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատճառները զուտ ենթադրությունների մակարդակում են, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ազատություն»․ - Պարոն Բեգլարյան, պայթյունի պատճառների մասին ի՞նչ է հայտնի, դեռ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում։
Բեգլարյան․ - Պաշտոնապես չի հաղորդվում, ոչ պաշտոնապես էլ վկաները մանրամասն չգիտեն պատճառների մասին։ Տարբեր մարդկանց հետ եմ խոսել, ովքեր տեղում են եղել, պատճառը տեսանելի չի, զուտ ենթադրությունների մակարդակում է։
«Ազատություն»․ - Դավիթ Բաբայանն ասում է, որ տեղում եղածները պատմել են, որ անփութություն է եղել։
Բեգլարյան․ - Ամենահավանական տարբերակը դա է՝ հաշվի առնելով, թե այնտեղ ինչ իրավիճակ էր՝ անկառավարելի, մի քաոտիկ իրավիճակ, էդ տեսանկյունից հավանական եմ համարում դա։ Վկաներն էլ են էդպես ասում, բայց, իհարկե, հետաքննության մարմինները հետաքննելիս հնարավոր բոլոր վարկածները պետք է հաշվի առնեն, չի բացառվում։
«Ազատություն»․ - Իսկ ահաբեկչությո՞ւն, դրա մասին էլ է խոսվում, շրջանառվում։
Բեգլարյան․ - Ինչ-որ զրույցներ կան, բայց ես չեմ կարող ասել, ես միայն կարող եմ ասել որպես իրավապաշտպան, որ ականատեսների հետ եմ ես խոսել, ովքեր ինձ բացատրել են, թե ինչ էր այնտեղ կատարվում։ Դրանից ավելին չեմ կարող ասել, իսկ դա բավարար հիմք չի, բավարար տվյալ չի՝ եզրահանգում անելու համար պատճառների վերաբերյալ։ Այսինքն ամենահավանական վարկածը կարելի է ասել անփութությունը և անկառավարելիությունն այնտեղ գործընթացների, բայց, բնականաբար, չի կարելի բացառել նաև հնարավոր այլ տարբերակներ՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ։
«Ազատություն»․ - Այդ թվում՝ ահաբեկչությո՞ւնը։
Բեգլարյան․ - Բնականաբար, կարծում եմ, որ պաշտոնական մարմինները պետք է դա էլ հաշվի առնեն։
«Ազատություն»․ - Իսկ ականատեսները Ձեզ ի՞նչ են պատմել, ի՞նչ էին ասում, ի՞նչ էին նկարագրում։
Բեգլարյան․ - Եկեք չասեմ։
«Ազատություն»․ - Դուք գրել էիք, որ ականատեսներն ասում էին, որ մոտ 100 մարդ միանգամից մոխրացել է, այսպիսի տվյալներ կա՞ն։
Բեգլարյան․ - Այո՛, նույնիսկ ականատես կա, ասում է՝ իմ կարծիքով ավելի շատ։ Չեմ կարող ես վստահորեն ասել, բայց հաշվի առեք, որ մեծ մասշտաբի պայթյուն և հրդեհ է եղել, որովհետև ինչքան հասկանում եմ տարբեր տվյալների պատմելուց՝ տասնյակ տոննաներ բենզինի մասին է խոսքը՝ մի քանի խոշոր տարաներում իրար կողք գտնվող։
«Ազատություն»․ - Իսկ հստակ տվյալներ կա՞ն, թե քանի մարդ է եղել այդ հերթերում, 290 հիվանդանոց է տեղափոխվել՝ տարբեր այրվածքներով։
Բեգլարյան․ - Չէ, չունեք, բայց ականատեսներն ասում են՝ հարյուրավոր, նույնիսկ ականատես կար, որ ինձ ասում էր՝ հազարից ավելի։ Պաշտոնական մարմինները պետք է շատ արագ հաշվառեն անհետ կորածներին՝ հարազատների ահազանգերի հիման վրա, ըստ դրա կողմնորոշվեն, թե քանի հոգի պոտենցիալ մահացած կլինի, որովհետև, ըստ մասնագետների, բժիշկների հետ էլ եմ խոսել էդ թեմայով, այնտեղից նույնիսկ մարմնի մնացորդներ հնարավոր չէ գտնել, ամբողջությամբ մոխրացել են կրակի մեջ, իսկ դա նշանակում է, որ որևէ ձևով հնարավոր չէ ոչ քանակ իմանալ, ոչ էլ նույնականացնել մարդկանց։
«Ազատություն»․ - Պարոն Բեգլարյան, վառելիքը որտեղից էր բերված, ունե՞ք այդ տեղեկությունը։
Բեգլարյան․ - Չէ չունեմ, հաշվի առեք, որ դա պահեստ է, պահուստային կարող է լինել, կարող է լինել երկար ժամանակ այնտեղ մնացած պահուստային տարբերակ, կարող է լինել նոր բերած, ես չեմ կարող ասեմ, սա պաշտոնական մարմինները կասեն։