Ղարաբաղում ռուս խաղաղապահների սպանությունից մոտ մեկ օր անց Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել ռուսական կողմից և խորը ցավակցություն հայտնել։ Մինչ այս պահը, սակայն, ո՛չ Բաքուն, ո՛չ Մոսկվան պաշտոնապես չեն հայտարարել՝ քանի խաղաղապահ է զոհվել, ինչ հանգամանքներում և ում մեղքով։ Հաղորդվում է միայն, որ Ալիևն է զանգահարել Պուտինին, և վստահեցրել, որ «մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու»։
Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսապես օգնել զոհվածների ընտանիքներին։ Թե ինչպես է Պուտինն արձագանքել սեփական զինվորների մահվանը՝ ռուսական պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում։
Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո պետական «Ռիանովոստի»-ն միայն գրեց, թե ըստ իրենց տեղեկությունների, Բաքվում արդեն ձերբակալվել են առաջին կասկածյալները, իսկ Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս խաղաղապահների մահվան մեջ, ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։ Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։
Մինչ այդ Ռուսաստանի Արտգործնախարարության խոսնակը տելեգրամյան իր ալիքում գրել էր՝ հավերժ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ովքեր, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա վերցրեցին հանուն տարածաշրջանի խաղաղության։ Թե ում մեղքով էին զոհվել ռուսները՝ Մարիա Զախարովան չէր հստակեցրել, փոխարենը Հայաստանին էր մեղադրել «անշնորհակալ լինելու մեջ»:
Meduza-ն երեկ, հղում անելով իր անանուն աղբյուրներին, հաղորդեց, թե Կրեմլը հրահանգ է իջեցրել պետական բոլոր լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները լուսաբանելու վերաբերյալ։ Հիմնական թեզը հետևյալն է ՝ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները»։ Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից:
Մինչ այս պահը Մոսկվայից ու ռուսական պետական լրատվամիջոցներից ստացվող հաղորդագրությունները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղում զոհված զինծառայողների կամ՝ խաղաղ բնակիչների մասին։ Պաշտոնական տեղեկագրում խոսվում է միայն Ղարաբաղի երեք շրջաններից՝ Մարտակերտից, Մարտունիից և Ասկերանից հազարավոր մարդկանց տարհանելու, խաղաղապահների տեղակայման վայր տեղափոխելու մասին։