Երեկ կեսօրից՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից մինչև այս պահը Հայաստանի վարչապետը կամ արտգործնախարարը որևէ շփում չեն ունեցել Ռուսաստանի ղեկավարների հետ, համենայն դեպս այդ մասին ո՛չ Երևանը, ո՛չ Մոսկվան չեն հայտնել։
Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե նախապատրաստվում է հեռախոսազրույց Պուտինի և Փաշինյանի միջև, մինչ այդ երեկ Փաշինյանը հասցրել է զրուցել ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի նախագահի հետ, իսկ արտգործնախարար Միրզոյանը Նյու Յորքում բազմաթիվ շփումներ է ունեցել Արևմուտքի ներկայացուցիչների, ինչպես նաև Իրանի արտգործնախարարի հետ։
Արդյո՞ք հայ-ռուսական հարբերություններում ճգնաժամի պատճառով է Ռուսաստանն ակտիվ համագործակցում Ադբեջանի հետ։
«Նախ՝ Ռուսաստանը շատ շուտվանից է Ադրբեջանի հետ համագործակցում, միանշանակ է, որ 5 միլիարդից ավելի զենքը, որը սկսել են վաճառել 2011 թվականից, դա եղել էր 12-13 տարիների ընթացքում, և նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից սկսած Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարել, առնվազն մինչև 2021-2022թթ., միանշանակ է, որ դա զուտ մեղադրանքի պատճառ է», - երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն չի հստակեցրել՝ արդյոք իր խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը փոխել է արտաքին քաղաքական ուղղությունը 2021-2022 թվականներին։
ԱԽ քարտուղարի գնահատմամբ՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ռուս խաղաղապահները պետք է պաշտպանեին Լեռնային Ղարաբաղը, ինչը չեն արել. - «Ինչ-որ հայտարարություններ են տարածում, որ մի քանի րոպե առաջ են իմացել, իսկ իրականության մեջ վերջին՝ առնվազն սեպտեմբերի 4-ից սկսած, երբ մենք տեսել ենք լայնածավալ այն գործողությունները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում, մինչև այս պահը ամբողջ միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել, գիտեք, որ վարչապետ Փաշինյանը նաև նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, որտեղ իրավիճակն ամբողջովին նկարագրվել է, և նրանք ունեն ստորագրությամբ պարտավորություններ, այդ պարտավորությունը պիտի կատարեին»։
Լրագրողի դիտարկմանը, թե Մոսկվայում սվիններով են ընդունում հայ-ամերիկյան զորավարժությունները, Կիև օգնություն ուղարկելն ու Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը, Գրիգորյանն արձագանքեց, որ նշված քայլերից որևէ մեկը չի կատարվել մինչև 2021 թվականի դեկտեմբերը։
«Ունեցել ենք հարձակում Սոթք-Խոզնավարի վրա 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, այսինքն՝ իրականության մեջ փաստերին իրական նայելով՝ Ռուսաստանն իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ չի կատարել և երբևէ չի… այդ ժամանակ էլ Պրահայի հայտարարություն չի եղել, 2021 թվականի մայիսին, երբ որ ադրբեջանական զորքերը մտել են Հայաստան, Պրահայի հայտարարություն չի եղել, ինչո՞ւ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանի սահմանը։ Հա, հետագայում Ադրբեջանի արգումենտներն են օգտագործել, որ դելիմիտացված սահման չկա, բայց իրականության մեջ կա», - ասել է նա։
Մոսկվան վերջին շրջանում շարունակ շեշտում է, որ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատասխանատուն Երևանն է, որը Պրահայի հայտարարությամբ ընդունել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Երևանը արդեն տևական ժամանակ հակադարձում է, որ Պրահայից առաջ էլ Մոսկվան չէր կատարում իր դաշնակցային, իսկ խաղաղապահները՝ Լեռնային Ղարաբաղում ստանձնած պարտավորությունները։
Այդ ֆոնին Գրիգորյանը հարց է բարձրացնում՝ արդյոք Ռուսաստանը լքում է տարածաշրջանը, եթե այդպես է, ըստ ԱԽ քարտուղարի, Մոսկվան ինքը պետք է հայտարարի դրա մասին։
Երեկ Ղարաբաղում իրավիճակի սրմանն անդրադարձել է նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, այդ երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ սպառնալից բացահայտ ակնարկներ հնչեցնելով Հայաստանի վարչապետի ուղղությամբ իր տելեգրամյան ալիքում։ Ի՞նչ է մտածում Հայաստանի իշխանությունն այս մասին։
«Դա թող Ռուսաստանի Դաշնությունը մտածի։ <> Եթե Մեդվեդևն է այդպիսի վարքագիծ դրսևորում, Ռուսաստանը և Ռուսաստանի Դաշնությունը պետք է դրա մասին մտածեն, և ընդհանրապես պետք է հասկանալ՝ դա ինչ քաղաքականություն է։ Իրենք պետք է բացատրեն դրա մասին», - արձագանքել է նա։
Հայ-ռուսական հարբերությունները նոր չեն լարված, այլ սրված էին արդեն տևական ժամանակ, նկատում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը, սակայն ըստ նրա՝ վերջին շրջանում Երևանն ավելի ընդգծված գործողություններով փորձեց սրել այդ հարաբերությունները։
«Ուր կարող է դա հասցնել, մենք արդեն տեսանք Արցախի դեպքում, թե ուր հասցրեց։ Շարունակությունը, կարծում եմ, ժամկետ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ հաջորդը կլինի խաղաղության բանակցություններում Հայաստանից զիջումներ կորզելը կոնկրետ Սյունիքի ճանապարհի հարցում, այնպես, ինչպես ռուսական կողմն է պատկերացնում», - ասաց նա։
Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ մինչև իրենց կտրուկ քայլերն արդեն Մոսկվան հարվածում էր թիկունքից։ Բաղդասարյանի կարծիքով՝ շատ հարցերում Բաքվի ու Մոսկվայի շահերը համընկնում են, ինչի պատճառով Մոսկվան օգնեց Լաչինի միջանցքի շրջափակմանը. - «Պետք է մեղադրել Հայաստանի իշխանություններին, չկարողացան այնպես անել, որ Հայաստանի հետ Ռուսաստանի շահերը համընկնեն և ոչ թե Ադրբեջանի։ Սա մեր սխալ քաղաքականության արդյունքն է, որի պտուղներն այսօր քաղում ենք, և որը վախենամ, թե, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կտանի»։
Բաղդասարյանի կարծիքով՝ պարզ չէ, թե ինչ արեց Հայաստանի իշխանությունը այս իրավիճակից խուսափելու համար։