Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, հաղորդում է ТАСС-ը։
Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ։
Կրեմլը նշել է, որ մանրակրկիտ հետաքննություն կկատարվի ռուսաստանցի խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Ալիևը պատրաստակամություն է հայտնել օգնություն հատկացնել զոհված խաղաղապահների ընտանիքներին։
Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացմանը և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։
Պուտինն ու Ալիևը նշել են, որ կարևոր է իրագործել խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ղեկավարը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Բաքուն պատրաստ է համագործակցել ռուս խաղաղապահների հետ՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման համար։
Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։
«Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այդ հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Նախօրեին հեռախոսազրույց էր կայացել Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև: