Մատչելիության հղումներ

Հուսով ենք՝ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի և խնդիրը տեղափոխել խաղաղ ճանապարհ. Պուտին


Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններից մոտ 24 ժամ անց միայն Արցախում խաղաղության երաշխավոր Վլադիմիր Պուտինը որոշեց արձագանքել:

«Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով ենք, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի և խնդիրը տեղափոխել խաղաղ ճանապարհ», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը որևէ կերպ չի դատապարտել Բաքվի ռազմական գործողությունները, փոխարենը ընդգծել է, թե ռուս խաղաղապահները զբաղված են խաղաղ բնակչությանը տարհանելով: Ըստ Կրեմլի, խաղաղապահների տեղակայման հենակետ է տեղափոխվել ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, ավելի քան հազարը՝ երեխաներ:

Օրեր առաջ, մինչդեռ, Ռուսաստանի նախագահը վստահեցրել էր, թե Բաքուն ուժի չի դիմելու. - «Հուսով եմ, որ ադրբեջանական իշխանությունը, ինչպես ասել է և հիմա էլ ասում է, շահագրգռված չէ էթնիկ զտում անել: Հակառակը՝ շահագրգռված է, որպեսզի այդ գործընթացը տեղի ունենա փափուկ»:

Պուտինի մամուլի քարտուղարն էլ այսօր ավելի վաղ հայտարարել է, թե
Ադրբեջանը դե յուրե իր տարածքում է ռազմական գործողություններ իրականացնում, ուստի Հայաստանի մեղադրանքները, թե ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները, անհիմն են։

«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայկական կողմի պաշտոնական որոշումից հետո։ Դե յուրե, այժմ խոսքը իր տարածքում Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին է», - ասել է Պոսկովը։


Արցախում երեկ ռազմական գործողությունների վերսկսումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե հայկական կողմը ռուս խաղաղապահներից կոնկրետ ու շոշափելի քայլեր է ակնկալում։

Այսօր էլ Փաշինյանը նշել է, որ հույս ունի, թե Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը կապահովվի Ռուսաստանի կողմից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ առանց մանրամասների:

«Քննարկվում են արյունահեղության կանխարգելումը, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանումը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովումը», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Կրեմլի խոսնակն, ի դեպ, այսօր շեշտել է, թե Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և հավելել՝ Մոսկվան կապ է պահպանում հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի հայերի հետ։

Առաջիկայում սպասվում է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը: «Այժմ ժամանակն ենք համաձայնեցնում», - ասել է Պեսկովը, հավելելով, թե Ալիևի հետ զրույց դեռ նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում այն ևս կարող է կայանալ։

Meduza-ն պարզել է, թե ինչպես է Կրեմլը խորհուրդ տալիս պետական լրատվամիջոցներին լուսաբանել ԼՂ իրադարձությունները

Ռուսաստանցի պաշտոնյաները այս երկու օրերին կրկնում են նույն այս միտքը՝ Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս և դրանով փոխել ամեն ինչ։ Meduza-ն պարզել է, թե ինչպես է Կրեմլը խորհուրդ տալիս պետական լրատվամիջոցներին լուսաբանել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները, ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները»։ Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից:

Meduza-ն հրապարակել է մի ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան նախագահական վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։

Կրեմլը խորհուրդ է տալիս ռուս պատմել «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։ Ձեռնարկը կազմողները առանձին-առանձին խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայի մոտ։

Այս թեզերն արդեն հայտնվել են օրինակ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի նյութում։ Հրապարակումը գրում է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։ «Երևանի իշխանությունը, դատելով իր քաղաքական քայլերից, երազում է ազատվել Ղարաբաղից՝ որպես ավելորդ բեռ և գնալ դեպի Արևմուտք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG