Մատչելիության հղումներ

Հեղափոխությունից չիրականացված ակնկալիքները, Արցախի ու երևանյան խնդիրները. քարոզարշավի այսօրվա թեմաներից


Քարոզարշավի չորրորդ օրն է. Երևանի փողոցներ էին դուրս եկել մի քանի թեկնածուներ, ամենաշուտը՝ «Մայր Հայաստան դաշինքն» էր բնակիչների հետ հանդիպման գնացել։ Ի դեպ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երեկ հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին աջակցում են «Մայր Հայաստան» դաշինքին, որի առաջին համարն իրենց խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

Թևանյանն այսօր առավոտյան Էրեբունի վարչական շրջանում հայտարարել է՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու նպատակ ունեն. - «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, և նրան իշխանությունից հեռացնելը Հայաստանի քաղաքացիների սուրբ պարտականությունն է և իրավունքը։ Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախն այսօր պաշարված է Նիկոլ Փաշինյանի հանցավոր համաձայնության արդյունքում», - ասել է նա։

Իշխանության թեկնածու, այս պահին արձակուրդում գտնվող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր։ Շրջել է բակերով, զրուցել բնակիչների ու լրագրողների հետ։ Երևանը փաստացի ղեկավարող Ավինյանը կրկին հիշեցրել է արածն ու խոստացել՝ նոր անելիքներն էլ են բնակիչների պատվերներով լինելու։

«Առհասարակ գրեթե բոլոր վարչական շրջաններում խնդիրները նույնանման են, և լուծումներն էլ հետևապես նույնանման են, ուղղակի այս տարի իրականացրել ենք շատ մեծ ծավալով, որովհետև իրականությունը վերլուծությունը ցույց է տալիս՝ այն գումարները, որ նախկինում ծախսվում էին Երևան քաղաքի բարեկարգման վրա, բավարար չեն այս մեծ տնտեսության համար», - նշել է նա։

Դավթաշեն վարչական շրջանի «Հույսի Ավան» թաղամասի բնակիչների խնդիրներին է ծանոթացել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ տրանսպորտից մինչև խաղահրապարակների, հանգստյան գոտիների, լուսավորության բացակայություն և այլն։

«Ձեզ պետք է ինտեգրված ցանց, միասնական տոմսային համակարգն է, որ սկսել են անել», - նշել է նա՝ բացատրելով՝ ինչպես է դա աշխատելու։

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյլանյանն այսօր Նոր Նորքում է իր ստորագրությամբ բուկլետներ բաժանել բնակիչներին, հորդորել, որ մասնակցեն ընտրություններին ու ընդգծել՝ լավ գիտի բոլոր խնդիրները:

Նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունն Ավան վարչական շրջանում է խոսել քաղաքի ներկայի ու ապագայի, խնդիրների ու լուծումների մասին։ Այս ուժին Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանն է աջակցում:

«Երբ Երևանում տեղի ունենա իշխանափոխություն, համայն աշխարհը, հանրությունն իմանալու է, որ Երևանում մի ուժ է եկել իշխանության, որը խոսում է և խոսելու է Արցախի մասին, որը չի փոխելու Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որտեղ գրված է Լեռնային Ղարաբաղի մասին, և հետևաբար այս լուրջ ազդակը կանգնեցնելու է որոշ գործընթացների», - խոստացել է նա։

Կենտրոնի նախկին թաղապետ, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը Նոր նորքի 5-րդ զանգվածի այգում է հանդիպել ընտրողներին։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր էլ քարոզարշավ չունի։ Նա այս շաբաթ որևէ հանրային միջոցառման դեռ չի մասնակցել։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցությունը հայտարարել է՝ ավանդական քարոզչություն չի իրականացնի՝ համացանցով հոլովակներ կտարածեն։

Նախկին ոստիկան, Հայաստանի իշխանությունների կողմից հետախուզվող Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» ևս առայժմ որևէ հանրային միջոցառման մասին չի տեղեկացրել։

«Արդար Հայաստանի» քաղաքապետի թեկնածու, փաստաբան Նորայր Նորիկյանն էլ այսօր ավանցիների հետ է հանդիպել ու իրենց կարգախոսը հիշեցրել՝ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելո՛ւ ենք»։

«Իշխանությունը չկարողացավ կատարել ժողովրդին տված խոստումները և 2018 թվականի սպասելիքները, ակնկալիքները, և այն հույսերը, որ արթնացրել էին մեր ժողովրդի մոտ, ի ճիգ դարձան։ Ավելին, այսօր այս իշխանության գործունեության հետևանքով վտանգի տակ է դրված նաև մեր պետականությունը», - հայտարարել է նա։

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որի երկրորդ համարը հենց նրա կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, իսկ առաջին համարը նախկին դատախազ Նելլի Հարությունյանը, այսօր Աջափնյակում էր։

Երևանի ավագանու ընտրություններին են մասնակցում նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ Արման Ղուկասյանի գլխավորությամբ, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, թեկնածուն գործարար Երվանդ Թարվերդյանն է, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ պետական կառավարման ակադեմիայի դասախոս Սուրեն Պետրոսյանի առաջնորդությամբ։

Երևանի տարբեր համայնքներում այս շաբաթ նրանք էլ են հանդիպումներ ունեցել ընտրողների հետ։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG