Մատչելիության հղումներ

Չնայած ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը չի տրվել, բայց այն արդեն ընթանում է


Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև օգոստոսի 18-ը պետք է ստուգի ներկայացված փաստաթղթերն ու վերջնական ցուցակները կազմի։

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում խորհրդարանական ընդդիմությունը։ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հիմնական ուժերը՝ Դաշնակցությունն ու Հանրապետականը, տևական լռությունից հետո օրերս հաստատեցին, որ չեն մասնակցի։ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն իր անդամներին կոչ արեց սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին, Դաշնակցությունը չհստակեցրեց, թե ում է սատարելու, միայն նշեցին, թե առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգան հավելյալ հայտարարությամբ։

ԿԸՀ փաստաթղթեր տարած 14 ուժերն արդեն ներկայացրել են քաղաքապետի թեկնածուներին, ոմանք հրապարակել են նաև ընտրական ցուցակները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, այս մասին իշխանությունները հայտարարել էին դեռ մեկ տարի առաջ։ Նախկինում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած 34-ամյա Ավինյանը հենց մեկ տարի առաջ փոխքաղաքապետ դարձավ և մինչև օրս հանրային միջոցառումներին, հանդիպումներին ու նույնիսկ կառավարության նիստերին քաղաքապետի պաշտոնակատարի փոխարեն հենց ինքն է մասնակցում։

«Քաղաքացիական պայմանագիրն» արդեն իսկ ակտիվ քարոզչություն է սկսել։ Օրերս Ավինյանը «Գազելի» ղեկին էր նստել։ Սոցցանցերի օգտատերերը շատ արագ նկատեցին՝ Ավինյանն ամրագոտի չէր կապել, կանգնած ուղևորների էր փոխադրում, «Սիվիլնեթն» էլ պարզեց՝ քաղաքապետի թեկնածուն «Գազել» վարելու վարորդական իրավունք չունի։ Իշխող կուսակցության պաշտոնական էջն այս օրերին ողողված է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված աշխատանքների մասին տեսանյութերով։

2021-ին իշխող ուժի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը հանրությանը անհայտ «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարն է։ Շուրջ 5 տարի առաջ հիմնադրված կուսակցությունը ընտրությունների հարուստ փորձ չունի, մինչ այս միայն մեկ խոշոր ընտրությունների են մասնակցել՝ 2018-ի արտահերթ խորհրդարանականին՝ հավաքելով ձայների 0.33 տոկոսը։ «Ազգային առաջընթացի» երկրորդ համարը կուսակցության վարչության անդամ, իրավաբան Հայկ Գրիգորյանն է։

Քաղաքապետ է ցանկանում դառնալ նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ով օրերս հայտարարեց, թե հրաժարվում է պատգամավորի մանդատից։ Նա գլխավորում է ընտրություններին ընդառաջ հիմնված «Մայր Հայաստան» դաշինքը, որի կազմում է նաև նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Վերջինս ընտրացուցակում երկրորդ համարն է։

«Ապրելու երկրի» քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։ 45-ամյա քաղաքական գործիչը երկու անգամ պատգամավոր է ընտրվել, շուրջ կես տարի էլ Նիկոլ Փաշինյանի կաբինետում զբաղեցրել է սոցապնախարարի պաշտոնը։ Կուսակցության ընտրացուցակով երկրորդ համարը Մեսրոպ Առաքելյանն է, որը նույնպես մի կարճ ժամանակ ղեկավարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս ուժը ևս սկսել է քարոզչական աշխատանքները։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստան», որի առաջին համարն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է։ 29-ամյա քաղաքապետի թեկնածուն նույնպես ակտիվ քարոզչություն է իրականացնում, խոսում մայրաքաղաքի խնդիրների մասին։

«Հանրապետության» ցուցակն էլ գլխավորում է արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արտակ Զեյնալյանը, որը հայ գերիների շահերն է ներկայացնում ՄԻԵԴ-ում։

ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել նաև «Միացյալ Հայաստան», «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հաղթանակ» «Հանրային ձայն» և «Արդար Հայաստան» կուսակցությունները։

XS
SM
MD
LG