Մատչելիության հղումներ

ՔՊ-ական պատգամավորի տարածած հոլովակից անհետացել է Հայկ Մարությանը. Ավինյանը դա ամոթալի որակեց


Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի թիմակիցների երեկ տարածած հոլովակից անհետացել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նրա փոխարեն տեսանյութում մոնտաժի միջոցով ջրի բաժակ է հայտնվել։

Տրանսպորտային բարեփոխումների մասին կարճ հոլովակում, որով անձամբ իշխող ՔՊ-ի լիդերներից Վահագն Ալեքսանյանն է կիսվել՝ 2021 թվականին ավտոբուսների գնման պայմանագրի մի դրվագ կա։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետը դեռ Հայկ Մարությանն էր:

Հայկ Մարությանի թիմն անմիջապես նկատեց՝ նախկին քաղաքապետին պարզապես կտրել - հանել են։ Ինքը՝ քաղաքապետի թեկնածու Մարությանը ՔՊ-ականներին մեղադրեց իրենցից գողացած նախընտրական հոլովակը տարածելու մեջ:

«Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...», - ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանը:

Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կիսվել է «Ճիշտը» անունով մի ֆեսյբուքյան էջի տարածած հոլովակով։ Էջում որևէ նույնականացնող տվյալ չգտանք։ Վերջին օրերին այստեղ իշխող ուժի կողմից 2021-ին պաշտոնանկ արված Մարությանին ծաղրող հրապարակումներ են հայտնվում՝ նրան անվանում են՝ «Հեքիաթասաց պոպուլիստ», «Նավից փախչող առնետ»:

Այսօր Էրեբունիում անցկացված քարոզարշավի ընթացքում Տիգրան Ավինյանը պնդեց՝ այս տեսանյութի մասին ոչինչ չգիտի՝ հավելելով, որ մոնտաժով մարդուն կադրից հանելն ամոթալի է:

«Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետև չգիտեմ՝ ով ինչ տեսանյութ է նկարահանել, եթե ինչ-որ մեկն իրեն ինչ-որ տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Ես չեմ կարծում, որ Վահագն Ալեքսանյանը որևէ մեկին որևէ տեսանյութից.... կարող է հրապարակել է, բայց ես վստահ եմ, որ ինքը որևէ մեկին ոչ մի տեսանյութից չի հանել անձամբ», - ասաց Ավինյանը:

Մարությանը, որը հանրությանը քիչ հայտնի «Ազգային առաջընթացի» առաջին համարն է, առայժմ ակտիվ քարոզարշավ չի սկսել, հանրային որևէ միջոցառման դեռ չի մասնակցել։

Տրանսպորտի խնդիրը՝ քարոզարշավի ամենաշատը քննարկվող հարցերից

Մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրը այս քարոզարշավի ամենաշատը քննարկվող հարցերից մեկն է: Ե՛վ Ավինյանը, և՛ Մայրությանը ձեռք բերված ավտոբուսների վրա են շեշտը դնում իրենց հոլովակներում. մեկն իր համար «Ասեք՝ կանենք» կարգախոսն է ընտրել, մյուսը ի պատասխան այլ արտահայտություն կիրառել՝ «Առանց ասելու էլ արեցինք»։

Տիգրան Ավինյանն այսօր էլ պնդեց՝ տրանսպորտային բարեփոխումներն իր քաղաքական թիմի շնորհքն են. - «Այն, ինչը որ իրականացրել է կառավարությունը, այն, ինչը որ իրականացրել է Երևանի ավագանին, այն, ինչը որ, կներեք անհամեստության համար, բայց նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նաև վերագրել միայն մեկ հոգու, երբ որ իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ.... կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, այսօր կառավարությունն է այդ վարկը մարում», - ասաց ՔՊ քաղաքապետի թեկնածուն:

Ավտոբուսների մի մասն, այդուհանդերձ, հենց Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ են ներկրվել։

Քարոզարշավի երրորդ օրն է

Սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրությունների քարոզարշավի երրորդ օրն է։ 14 ուժերը տարաբնույթ մեթոդներով՝ բակային հանդիպումներով, սոցցանցերում հրապարակումներ փորձում են համոզել երևանցիներին իրենց օգտին քվեարկել։

«Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը Նորաշեն թաղամասում էր։ Իրավաբան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրած «Հանրապետությունը» Աջափնյակի բակերով էր շրջում։ Փաստաբան Նորայր Նորիկյանի գլխավորած «Արդար Հայաստանը» սոցցանցերում է հրապարակումներ անում։ Գործարար Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց»-ը որի առաջին համարը նախկին դատախազ Նելլի Հարությունյանն է, երեկ Շենգավիթում էր, այսօր հանրային միջոցառում չանցկացրեց։

Սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիրն» Էրեբունիում էր շրջում։

Իշխանափոխության հասնելու օրակարգով ընտրապայքար սկսած «Մայր Հայաստան» դաշինքը՝ պատգամավորական մանդատից հրաժարված Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ Դավթաշենում էր։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցությունը հայտարարել է՝ ավանդական քարոզչություն չի իրականացնի՝ համացանցը կօգտագործեն։ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ թաղամասերով է շրջում, սոցցանցերում էլ խոսում մայրաքաղաքի խնդիրների մասին:

«Այսօրվա ավագանին չասեմ անօգուտ է, բայց ինքն էֆեկտիվ չի: Մեր աշխատանքի առաջին իսկ օրվանից մենք պետք է փորձենք համակարգային խնդիրներին լուծում տալ, պետք է Երևան քաղաքի մասին օրենքն ընդհանրապես փոփոխության ենթարկել», - նշեց Մնացականյանը:

Ավագանու այս ընտրություններին հանրությանն անհայտ մի շարք կուսակցություններ են մասնակցում։ Դրանցից «Ժողովրդավարական համախմբումը», որը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի թեկնածությունն է առաջադրել, դեռ ակտիվ քարոզչություն չի իրականացնում, նրանք ընտրություններին զուտ քաղաքային խնդիրների օրակարգով չեն մասնակցում. - «Այս ընտրությունները ցույց են տալու՝ արդյոք հաշտվել ենք ստեղծված իրականության հետ և համակերպվել այս խորքային նվաստացմանն ու ստորացմանը ու մեր խնդիրներն այլևս միայն քաղաքային են, ինչպես օրինակ, սաֆալտապատումը կամ մետրոյի ևս մեկ կայարանի կառուցումը, թե՞ մենք ընտրում ենք ամբողջությամբ այլ օրակարգ՝ պայքարի և արժանապատվության օրակարգ»:

Տնտեսագետ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստանը» հարցազրույցներից հրապարակումներ է հրապարակում։ Նախկին ոստիկան, Հայաստանի իշխանությունների կողմից հետախուզվող Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնն» առայժմ որևէ հանրային միջոցառման մասին չի տեղեկացրել։

XS
SM
MD
LG