Մատչելիության հղումներ

Թրամփը նոր մեղադրանքների է բախվում․ դատախազները նախկին նախագահին վերագրվող նոր հանցավոր դրվագներ են հայտնաբերել


Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվել ձգտող Դոնալդ Թրամփը նոր մեղադրանքների է բախվում․ կառավարական գաղտնի փաստաթղթերի պահման գործը քննող դատախազները նախկին նախագահին վերագրվող նոր հանցավոր դրվագներ են հայտնաբերել: Թրամփն այժմ նաև արդարադատությանը խոչընդոտելու մեջ է մեղադրվում։

Բացի այդ՝ հայտնվել է նոր ամբաստանյալ՝ Թրամփի առանձնատան աշխատողներից մեկը՝ Կարլոս դե Օլիվեյրան․ վերջինս նախկինում հարցաքննվել էր նույն գործով և իրավապահներին հավաստիացրել, թե « ոչինչ չի տեսել, ոչինչ չգիտի»։ Դատախազները մինչդեռ պնդում են, որ նա ստել է, ձեռք բերված ապացույցներով Թրամփը հենց Օլիվեյրային է հրահանգել ոչնչացնել նկուղում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունը․ ըստ քննիչների՝ կառավարական գաղտնի փաստաթղթերը հենց այդ նկուղում էին պահվում։

Թրամփին առաջադրված մյուս մեղադրանքը վերաբերում է մի դրվագի, որի համաձայն Սպիտակ տան նախկին ղեկավարը հույժ գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ, որում նկարագրված են «Ա երկրի» վրա հարձակվելու պլանները կենսագիրների հետ է քննարկել։ CNN-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ կարծում են, որ կողմնակի անձանց և Թրամփի միջև քննարկված այդ փաստաթուղթն Իրանի մասին է։

Թրամփի վարչակազմի փաստաթղթերը համարվում են կառավարության սեփականությունը, ամերիկյան օրենսդրության համաձայն, պաշտոնաթողությունից հետո նախագահը պարտավոր էր դրանք արխիվ հանձնել։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը ոչ միայն դրանք չի վերադարձրել, այլև, ինչպես իրավապահներն են պնդում՝ վերադարձնելու պահանջից հետո էլ փորձել է թաքցնել դրանք։

Ինքը՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը, որը կրկին պայքարում է այդ պաշտոնի համար և համարվում է հանրապետականների առաջատար թեկնածուն, կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը, մասնավորապես պնդում, որ իր նախագահության շրջանի փաստաթղթերը պահելով որևէ օրենք չի խախտել։ Ինչպես այս, այնպես էլ իր դեմ ընթացող մյուս իրավական գործընթացները հանրապետական գործիչը քաղաքական պատվեր է համարվում, որի նպատակը, նրա խոսքերով, նախագահական ընտրություններից առաջ իրեն հնարավորինս մեծ վնաս հասցնելն է:

«Ինձ սպառնալ 400 տարվա բանտով իմ նախագահական փաստաթղթերը պահելու համար, ինչն արել են բոլոր նախագահները, դա ամենասարսափելի և արատավոր երևույթն է, որը երբևէ եղել է Ամերիկայի արդարադատության պատմության ընթացքում», - հայտարարում էր ԱՄՆ նախկին նախագահը։

Այսօր՝ հերթական մեղադրանքներին բախվելուց հետո նահանգների բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարող Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել նախընտրական արշավը՝ նույնիսկ մեղադրական վճռի դեպքում:

«Ոչ, իհարկե, ոչ», - արձագանքել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք մեղադրական վճիռը կարող է փոխել իր քաղաքական պլանները։

Թրամփի նախընտրական շտաբն արդեն արձագանքել է նոր մեղադրանքին՝ այդ գործով հատուկ դատախազ Ջեք Սմիթին անվանելով «խելացնոր»։

Պաշտոնավարման օրոք երկու անգամ իմփիչմենթի ենթարկված Դոնալդ Թրամփը, որն այդպես էլ մեղավոր չի ճանաչվել ԱՄՆ սենատի կողմից, դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որին պաշտոնապես քրեական մեղադրանք է առաջադրվել։

Պաշտոնաթողությունից անմիջապես հետո միլիարդատեր քաղաքական գործչին տարատեսակ իրավախախտումներ են վերագրվում: Ապրիլին Նյու Յորքի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին իր հետ ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմաց տասնյակ հազարավոր դոլարներ վճարելու գործով։

Քննությունը պնդում է, որ Թրամփն այդ գումարները վերցրել է նախընտրական հիմնադրամի բյուջեից՝ որպես իրավաբանական ծառայության դիմաց վճար։ Ամերիկյան մամուլի տվյալներով վճռական փուլ է մտնում նաև 2020 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների գործը։

Հիշեցնենք՝ 2021 հունվարի 6-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Դոնալդ Թրամփի հրավիրած հանրահավաքի ավարտից հետո, նրա հազարավոր կողմնակիցներ երթով շարժվել էին դեպի Կապիտոլիում՝ գրոհելով օրենսդիր մարմնի շենքը և խափանելով նիստը, որի ընթացքում պետք է պաշտոնապես հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն է իր գործողություններով նպաստել այդ արյունալի անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG