Մատչելիության հղումներ

Գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման գործով Թրամփի դատը կսկսվի 2024-ի մայիսի 20-ին


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման գործով կսկսվի հաջորդ տարվա մայիսի 20-ին։ Այդ մասին որոշումը կայացրել է Ֆլորիդայի նահանգի շրջանային դատավոր Էյլին Քենոնը:

Թրամփի փաստաբանները դեմ են եղել այդ ժամկետին և պնդել են, որ ցանկացած դատավարություն պետք է տեղի միայն 2024-ին կայանալիք նախագահական ընտրոություններից հետո:

Թրամփի ներկայացուցիչը հայտնել է, որ դատավարության ժամանակացույցը «նախագահին և նրա փաստաբանների թիմին թույլ է տալիս պայքարել այդ քրեական գործի հետաքննության դեմ»: ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի ներկայացուցչի հայտարարությունը:

Հունիսի 8-ին Թրամփին ներկայացրել են ազգային անվտանգության մասին գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ապօրինաբար պահելու մեղադրանք:

Դա տեղի է ունեցել պաշտոնից հեռանալու և իշխանությունը հաջորդ վարչակազմին փոխանցելու ժամանակաշրջանում:

Մեղադրող կողմը պնդում է, որ Թրամփը ստել է պետական պաշտոնյաներին, որոնք փորձել են առգրավել փաստաթղթերը, հավաստիացնելով, թե անձամբ դրանք կվերադարձնի:

Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում:

Բացի այդ, Թրամփը 2024 թվականի մարտին պետք է ներկայանա Նյու Յորքում Մանհեթենի դատարան, որը քննում է մի պոռնոաստղի լռեցնելու նպատակով նրան փող վճարելու հանգամանքը կեղծ փաստաթղթերով թաքցնելու գործը:

Դոնալդ Թրամփը նաև մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 3-ի ընտրություններում պարտվելուց հետո 2021-ի հունվարի 6-ին մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած զանգվածային արյունալի բախումների կազմակերպմանն առնչություն ունենալու համար:

Նա հերքում է բոլոր մեղադրանքները և դրանք անվանում է քաղաքական հետապնդում, որի նպատակն է խափանել իր մասնակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրություններին:

XS
SM
MD
LG