Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարեց հաջորդ տարի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում վերընտրվելու պատրաստակամության մասին։
Նահանգների ամենատարեց առաջնորդն ամերիկացիներից ևս չորս տարի ժամանակ խնդրեց՝ սկսած գործը ավարտին հասցնելու համար։ Առանցքային խնդիրները, որոնք լուծելու համար չորս տարին քիչ էր, աբորտի իրավունքի վերականգնումն է, ժողովրդավարության պաշտպանությունը, ամերիկացիների սոցիալական երաշխիքների ապահովումը։ Դեմոկրատ նախագահի խոսքերով՝ ամերիկացի ժողովուրդը հաջորդ տարի նոյեմբերին քվեախցիկի առաջ պետք է ընտրի՝ սերունդներին թողնել «շատ կամ քիչ ազատություններ», «շատ կամ քիչ իրավունքներ»։
«Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակն ունի, երբ ստիպված է պայքարել ժողովրդավարության, հիմնական ազատությունների համար։ Ես հավատում եմ, որ մեր ժամանակը եկել է։ Ահա թե ինչու եմ առաջադրվում ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար։ Միացեք մեզ և եկեք ավարտին հասցնենք աշխատանքը»,- այսօր հրապարակված նախընտրական տեսահոլովակում հայտարարում է Ջո Բայդենը։
Ի դեպ, նրա գլխավորած քաղաքական ուժը հենց այդ նույն շեշտադրումներով է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մասնակցել և անսպասելի հաջողություններ գրանցել։ Ժողովրդավարության պաշտպանությունը դեմոկրատների օրակարգային գլխավոր թեման դարձավ նախորդ նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններից հետո։ 2021 թվականի հունվարի 6-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Դոնալդ Թրամփի հրավիրած հանրահավաքի ավարտից հետո, նրա հազարավոր կողմնակիցներ երթով շարժվել էին դեպի Կապիտոլիում՝ գրոհելով օրենսդիր մարմնի շենքը և խափանելով նիստը, որի ընթացքում պետք է պաշտոնապես հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն է իր գործողություններով նպաստել այդ արյունալի անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել։
Ինքը՝ Թրամփը մտադիր է շարունակել պայքարը Սպիտակ տուն վերադառնալու համար, թեև դեռ չի փարատել իր անվան հետ կապվող կասկածները, այդ թվում՝ հունվարի 6-ի աննախադեպ այդ իրադարձություններում ունեցած իր դերակատարության հետ կապված։ Նախկին նախագահի դեմ այս ու մի շարք այլ գործերով հետաքննությունները դեռ ընթացքի մեջ են։ Չնայած այդ իրավական գործընթացներին, քրեական մեղադրանքներին, նրա հետ մրցապայքարում, ըստ փորձագետների, Բայդենը ծանր ճանապարհ ունի անցնելու:
Սպիտակ տան ղեկավարի հայտարարություններից հաշված ժամեր անց հրապարակվել է հանրապետականների թեկնածուի հարցազրույցը, որտեղ Թրամփը կարծիք է հայտնել, թե Բայդենի երկրորդ նախագահությունը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։
«Այս երկիրը խնդիրներ ունի, մենք ավարտելու ենք երրորդ համաշխարհային պատերազմով։ Խոսակցություններ են գնում միջուկային զենքի մասին, իսկ մեզ մոտ {պետության ղեկին} անձ է, որը չի հասկանում՝ ինչ է կատարվում», - հայտարարել է նա։
Միացյալ Նահանգների առաջնորդը տևական ժամանակ կոշտ քննադատության թիրախում է նաև 2021 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքի քաոսային դուրսբերման, ներգաղթի, տնտեսական քաղաքականության պատճառով։
Բացի այդ, ընտրողները դեռևս 2020 թվականին չէին թաքցնում իրենց մտահոգությունները Բայդենի տարիքի հետ կապված։ NBC News-ի վերջին հարցման արդյունքների համաձայն, որը հրապարակվել է անցած հանգստյան օրերին, ամերիկացիների 70 տոկոսը, այդ թվում՝ դեմոկրատների 51 տոկոսը, կարծում է, որ 80-ամյա Բայդենը չպետք է առաջադրվի, հարցվածների 69 տոկոսը որպես պատճառ նրա տարիքն է մատնացույց արել։
Ամերիկայի 46-րդ նախագահը, որն իր պաշտոնավարման ենթադրյալ երկրորդ ժամկետի ավարտին կլինի 86 տարեկան, հավաստիացնում է՝ իր 50-ամյա քաղաքական փորձն ավելի մեծ նշանակություն ունի, քան տարիքը։
«Հետևեք ինձ․ սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել», - արձագանքել է Ամերիկայի ամենատարեց առաջնորդը և պնդել՝ տարիքն այլևս խնդիր չէ։