Մատչելիության հղումներ

Թրամփն անհեթեթություն և Սպիտակ տան լիազորությունների չարաշահում է անվանել ներկայացված մեղադրանքները


Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթություն և Սպիտակ տան կողմից լիազորությունների չարաշահման օրինակ է անվանել իրեն առաջադրված մեղադրանքները գաղտնի պետական փաստաթղթերի հետ գործ ունենալու համար։

«Արդարադատության նախարարության կողմից ինձ ուղղված անհեթեթ և անհիմն մեղադրանքը, որը զենք է դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ձեռքում, մեր երկրի պատմության մեջ կմնա որպես իշխանության չարաշահման ամենասարսափելի օրինակներից մեկը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ջորջիայում Հանրապետականների համագումարում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Հանրապետական կուսակցությանը վերաբերվում է «միանգամայն այլ կերպ, քան դեմոկրատներին»։

Թրամփն ասել է, որ ինքը «թաքցնելու ոչինչ չունի» և որ քննիչներին թույլ է տվել ուսումնասիրել նրանց հետաքրքրող փաստաթղթերը։

Արդարադատության նախարարությունը հետաքննություն է իրականացնում Թրամփի նկատմամբ 2022 թվականի սկզբից՝ Ֆլորիդայի իր նստավայրում գաղտնի պետական փաստաթղթեր պահելու և դրանց վերադարձի փորձերը խոչընդոտելու հետ կապված։

Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ նախագահական փաստաթղթերը պատկանում են կառավարությանը և պետք է ի պահ հանձնվեն Ազգային արխիվին, երբ նախագահը հեռանա պաշտոնից: Բայց Թրամփը, ենթադրաբար, հարյուրավոր փաստաթղթեր է վերցրել Սպիտակ տնից և մաքսանենգ ճանապարհով տեղափոխել իր Մար-ա-Լագոյի նստավայր:

Ընդհանուր առմամբ, դատախազները Թրամփից առգրավել են ավելի քան 300 գաղտնի փաստաթղթեր։ Նրանք ունեին գաղտնիության տարբեր մակարդակներ՝ գաղտնիից մինչև հույժ գաղտնի:

XS
SM
MD
LG