60-րդ անգամ Ամերիկան նախագահ է ընտրելու
Միացյալ Նահանգներում 2024 թվականի նոյեմբերի 5-ին, երեքշաբթի օրը, տեղի կունենան թվով արդեն 60-րդ նախագահական ընտրությունները:
Քվեարկությանը մնացած այս ավելի քան մեկ և կես տարվա ընթացքում կհայտարարվեն առաջադրումներ, կանցկացվեն քաղաքական բանավեճեր, ներկուսակցական քննարկումներ և թեկնածուների ընտրություններ:
Քառամյա ժամկետով ընտրության քարոզարշավի գներն անշեղորեն աճում են: 2020-ին թեկնածուները ծախսել են 14 միլիարդ 400 միլիոն դոլար, գումարը 2016-ին դրանից գրեթե երկու անգամ քիչ էր:
Ովքե՞ր այս անգամ ամերիկյան հանրությանը կներկայանան որպես գերտերությունն առաջնորդելու թեկնածուներ: Քաղաքական ինտրիգը տվյալ օրերին երկու լիդերների հնարավոր մասնակցության հետ է կապված:
Ապրիլի 25-ին ակնկալվում է կարևոր հայտարարություն
Ենթադրվում է, որ մինչև հաջորդ երեքշաբթի՝ ապրիլի 25-ը, գործող նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձով կհրապարակի իր որոշումը 2024-ին առաջադրվելու մասին:
Մինչ օրս նա մի քանի անգամ ասել է, որ հակված է առաջադրվել, որ հարցը պետք է քննարկի կուսակիցների և մտերիմների հետ, և օրակարգում կան ավելի հրատապ հարցեր:
Նա միանշանակ չի ասել «այո, առաջադրվելու եմ», կամ «ոչ, չեմ առաջադրվելու»: Մինչդեռ, մեկ տարի յոթ ամիսն ամերիկյան քաղաքական զարգացումների առումով երկար ժամանակաշրջան չէ, և Բայդենն արդեն զգում է, որ մոտենում է ընտրողների հետ դիրքորոշման մասին խոսելու պահը:
Ամենատարեց նախագահը 231 տարիների ընթացքում
Ամերիկայի առաջին նախագահ Ջորդ Վաշինգտոնը 57 տարեկանում 1789 թվականին է ստանձնել պաշտոնը: Այդ պատմական թվականից անցած ավելի քան 231 տարիների ընթացքում 80-ամյա Ջո Բայդենն ամենամենատարեց լիդերն է, ով երբևէ դարձել է Սպիտակ տան տերը:
Արդյո՞ք նա ֆիզիկապես և հոգեպես ի զորու է կատարել գերտերության ղեկավարի պարտականությունները: Եթե նա առաջադրվի, հաղթի ու մինչև վերջ պաշտոնավարի, ապա երկրորդ ժամկետը կավարտի 86 տարեկանում, ինչը մի նոր ռեկորդ կլինի: Թերևս հենց այդ մտորումներն են Բայդենին ստիպել շատ զգուշավոր մեկնաբանել թեման:
Ամերիկյան օրենքների համաձայն, նախագահը պարտավոր է պարբերաբար ենթարկվել բժշկական ստուգումների: Վերջին հետազոտությունից հետո Սպիտակ տան բժիշկն ի պաշտոնե հայտարարել է, որ Բայդենը միանգամայն ունակ է աշխատել, ֆիզիկապես առողջ է և միտքը պայծառ է:
Դեմոկրատների շարքերում հստակ դիրքորոշում չկա
Դեմոկրատները միանշանակ կարծիք չունեն: Մարտ ամսին անցկացված հարցման արդյունքների համաձայն, 45 տոկոսն ասել է, թե Բայդենը չպետք է առաջադրվի, իսկ 48 տոկոսը հավանություն է տվել նրա վերընտրվելուն:
Սակայն մեկ այլ հարցում վկայում է, որ ամերիկացիների միայն 39 տոկոսն է դրական գնահատում նրա աշխատանքը:
Գուցե նույն մրցակիցները պայքարեն Սպիտակ տան համար
Ի դեպ, հնարավոր է ևս մեկ ռեկորդ՝ առնվազն տեսականորեն չի բացառվում, որ, մարզական լեզվով ասած, եզրափակիչում վերստին հանդիպեն նույն մրցակիցները, բայց նոր կարգավիճակում՝ դեմոկրատական գործող նախագահ Ջո Բայդենը և հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Գործող դեմոկրատական և նախորդ հանրապետական նախագահները հանրային ելույթներում հաճախ են միմյանց կշտամբում:
«Շատ բան, ինչ հիմա կատարվում է մեր երկրում՝ նորմալ չէ, Դոնալդ Թրամփը և նրա ՄԱԳԱ հանրապետականները ներկայացնում են ծայրահեղականությունը, որը սպառնում է մեր հանրապետության բուն հիմքերին»,- ասել է Բայդենը:
MAGA. Make America Great Again: Դա «Ամերիկան նորից մեծ դարձնենք» Թրամփի կարգախոսի հապավումն է: Այդպես են հիմա դեմոկրատականներն անվանում մոլեռանդ «թրամփականներին»:
«Նույնիսկ եթե դատապարտվեմ՝ չեմ հրաժարվի առաջադրումից»
Ի դեպ, Թրամփն էլ ընդամենը չորս տարով՝ նախագահական մեկ ժամկետով է Բայդենից ջահել, նա հիմա 76 տարեկան է:
Նա հավաստիացրել է, որ վերջին դատական դժվարություններից բնավ չի ընկճված և առաջադրվելուց չի հրաժարվի նույնիսկ դատապարտվելու դեպքում:
«Ոչ, նման բան չկա, ես այդպիսի բան չեմ անի»,- ասել է Թրամփը «Ֆոքս» հեռուստակայանի թղթակցի հետ վերջին զրույցում:
Դոնալդն Թրամփն էլ է հավատացնում որ, առողջ է և կայտառ ու պատրաստ է ղեկավարել Միացյալ Նահանգները: Նա խստորեն քննադատում է դեմոկրատականներին և պնդում է, թե Բայդենի օրոք երկիրն աշխարհում զիջել է դիրքերը:
Հաղթելու քիչ հնարավորություններով թեկնածու հայտնի ընտանիքից
Դեմոկրատականներից առաջադրվելու մտադրություն է հայտնել Քենեդիների լեգենդար քաղաքական գերդաստանից 69-ամյա Ռոբերտ Քենեդի-կրտսերը:
Նա 1963 թվականին դավադրաբար սպանված նախագահ Ջոն Քենեդիի զարմիկն է, իսկ նրա հայրը նախագահի եղբայրն է՝ 1968-ին դավադրաբար սպանված արդարադատության նախարար ու նախագահության թեկնածու Ռոբերտ Քենեդին:
Ըստ ամերիկացի փորձագետների, Ռոբերտ Քենեդի-կրտսերը հաղթելու մեծ հույսեր չունի: Նա իրավաբան է և բնապահպան ակտիվիստ: Նա ամերիկյան հանրությանն առավել հայտնի է որպես պատվաստումների վտանգների մասին ահազանգող ակտիվիստ:
Դեմոկրատական մնացած թեկնածուների մասին հանրությունը, հավանաբար, կտեղեկանա առաջիկա շաբաթներին:
Իսկ հանրապետականներից Թրամփից բացի այսօրվա դրությամբ հավանական թեկնածուներ են համարվում Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլին: