ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքներ են առաջադրվել՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո գաղտնի պետական փաստաթղթերի հետ գործ ունենալու համար, հայտնում են մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ։
Թրամփն իր սոցիալական ցանցերում հաստատել է՝ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է իր փաստաբաններին, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, և որ երեքշաբթի օրը նրան կանչելու են Մայամիի դաշնային դատարան։
Մեղադրական եզրակացությունն առայժմ գաղտնի է պահվում, սակայն CNN-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, ասում է, որ այն պարունակում է մի քանի քրեական մեղադրանքներ։
Նրան արդեն առանձին մեղադրանքներ են առաջադրվել Նյու Յորքում 2016 թվականին դերասանուհու լռության դիմաց վճարելը թաքցնելու համար: Քննությամբ պարզվել էր, որ Թրամփը տասնյակ հազարավոր դոլարներ է վճարել ամերիկյան պոռնո աստղ Սթորմի Դենիելսին՝ վերջինիս հետ ունեցած ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմաց։ Ըստ քննության՝ Թրամփն այդ գումարները վերցրել էր նախընտրական հիմնադրամի բյուջեից՝ որպես իրավաբանական ծառայության դիմաց վճար։ Նա այս գործով իրեն մեղավոր չի ճանաչել։
Դատարան հասած քրեական գործերից մեկի հիմքում 2016 թվականի իրադարձություններն են, երբ Թրամփն առաջին անգամ փորձում էր նախագահ դառնալ։
Արդարադատության նախարարությունը հետաքննություն է իրականացնում Թրամփի նկատմամբ 2022 թվականի սկզբից՝ Ֆլորիդայի իր նստավայրում գաղտնի պետական փաստաթղթեր պահելու և դրանց վերադարձի փորձերը խոչնդոտելու հետ կապված։
Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ նախագահական փաստաթղթերը պատկանում են կառավարությանը և պետք է ի պահ հանձնվեն Ազգային արխիվին, երբ նախագահը հեռանա պաշտոնից: Բայց Թրամփը, հավանաբար, հարյուրավոր փաստաթղթեր է վերցրել Սպիտակ տնից և մաքսանենգ ճանապարհով տեղափոխել իր Մար-ա-Լագոյի նստավայր:
Ընդհանուր առմամբ, դատախազները Թրամփից առգրավել են ավելի քան 300 գաղտնի փաստաթղթեր։ Նրանք ունեին գաղտնիության տարբեր մակարդակներ՝ գաղտնիից մինչև հույժ գաղտնի: