Մատչելիության հղումներ

Բրյուսելը պնդում է՝ Աղդամը չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքին այլընտրանք. Բաքուն հակադարձում է


Պաշտոնական Բրյուսելը պնդում է՝ Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքին այլընտրանք։ Այս մասին հայտարարել է եվրոպական դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ընդգծելով՝ Ալիևի վարչակազմի պարտավորությունն է անհապաղ երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Եվրամիության պաշտոնական այս հայտարարությունը հաջորդում է Ադրբեջանի նախագահի օգնականի աղմկահարույց գրառմանը։ Հիքմեթ Հաջիևը երեկ երեկոյան «միջազգային հանրությունից հստակ ուղերձ» էր պահանջել Աղդամի ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջանին ինտեգրվելու կապակցությամբ։ Հաջիևը, չսպասելով այդ ուղերձին, շտապել էր պնդել՝ «այլ ճանապարհ չկա, խաղն ավարտված է»։

Ադրբեջանցի պաշտոնյան Թվիթերում նման գրառում էր արել այն նույն ժամերին, երբ լիակատար պաշարման մեջ գտնվող արցախցիների համար Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռները հասել էին հայկական անցակետի մոտ։ 19 բեռնատարները երեկվանից Լաչինի միջանցքի մուտքի մոտ են, և որևէ տեղաշարժ դեռ չկա, դրանց ճակատագիրը մինչ այս պահը հստակ չէ։ Բաքուն Երևանի այս քայլը «սադրանք» է որակել և առաջարկել բեռները փոխադրել Աղդամի ճանապարհով։

Հաջիևը երեկ հայտարարում էր, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն»՝ Աղդամի երթուղին լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդման Մարուքյանը, մեկնաբանելով Հաջիևի խոսքերը, դրանք ընդամենը «ցանկություն» է որակել։

«Նա այդ ցանկությունը ներկայացնում է որպես իրականություն»,- Թվիթերում գրել է հայաստանցի պաշտոնյան և հերքել, որ Բրյուսելում Աղդամի երթուղու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Երևան -Բաքու բանակցություններում միջնորդի դեր ստանձնած Եվրամիությունը, իր հերթին փաստելով, որ Աղդամի երթուղին Լաչինի միջանցքի այլընտրանք չի համարում, արձանագրել է՝ այդ միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին»։

«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում» - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը՝ փաստելով՝ բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, լրջորեն տուժել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։

Ի դեպ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Արցախի ժողովրդի մասին խոսելիս օգտագործել է ոչ թե «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի», ինչպես Բաքուն է պահանջում, այլ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչություն ձևակերպումը։

Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու պատրաստակամություն հայտարարած վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձագետները վերջին շրջանում շարունակաբար հորդորում են բանակցային օրակարգում ներառել այն հանգամանքը, որ Ղարաբաղը խորհրդային տարիներին ինքնավար մարզ է եղել, որ նախկինում Արցախի ինքնավար մարզ լինելը բանակցություններում ամրագրելը հնարավորություն կտա ավելի հայանպաստ լուծում գտնել։

Բաքուն շարունակել է մեղադրել Հայաստանին

Լաչինի միջանցքի արգելափակումը ամիսներ շարունակ հերքող պաշտոնական Բաքուն ափսոսանք է հայտնել Եվրամիության հայտարարության կապակցությամբ։ Վերստին հակադարձելով Արցախում հումանիտար լրջագույն ճգնաժամի մասին միջազգային դերակատարների հայտարարություններին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը «Հայաստանին և հայերին է մեղադրել այլընտրանքային ճանապարհները փակելու համար», Բրյուսելի մտահոգություններն ու պահանջներն էլ, ըստ Բաքվի, «հիմնված են հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա»։

Միևնույն ժամանակ, ի տարբերություն Ալիևի օգնականի, Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ Աղդամի ճանապարհի հարցով բրյուսելյան պայմանավորվածության մասին խոսք չկա։

«Ինչ վերաբերում է Ադրբեջան մեծ քանակությամբ բեռների փոխադրմանը, Ադրբեջանն առաջարկել է օգտվել «Աղդամ-Խանքենդի» (Ստեփանակերտ-խմբ.) և այլ այլընտրանքային ուղիներից՝ հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, որ Հայաստանն ու որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացողները, ճանապարհները փակելով, խոչընդոտում են բեռնափոխադրումներին, ինչն, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, վկայում է, որ «լարված հումանիտար իրավիճակի» մասին շահարկումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG