Մատչելիության հղումներ

Երասխի գործարանի ղեկավարությունը պատրաստվում է տարածքում Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշները բարձրացնել


Երասխի մետալուրգիական գործարանը դեռ չկառուցված՝ նախ ադրբեջանցի բնապահպանների նշանառության տակ էր, հետո գործարանի ուղղությամբ սկսեց ադրբեջանական զինուժն աշխատել։ Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ այսօր կեսօրից կրակում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։ Պաշտոնական Բաքուն պնդում է՝ կրակողը հայկական կողմն է։

Հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող այս գործարանի ղեկավարությունը վաղը պատրաստվում է տարածքում Հայաստանի ու Միացյալ Նահանգների դրոշները բարձրացնել։ Երասխի բնակիչները պատմում են՝ այսօր ադրբեջանական զինուժն սկսել է կրակել նախապատրաստական աշխատանքի ժամանակ:

«Նախապատրաստվում են, որ վաղը դրոշը տնկեն, այդ շինարարություններն են անում, դրա հետ էր կապված կրակոցները, կրակում էին, որ խանգարեին: Ուղղակի չեն ուզում՝ էդ գործարանն աշխատի», - ասաց Երասխի բնակիչ Մովսես Մեսրոպյանը:

Բնակչի խոսքով՝ նախապատրաստական գործն ավարտվել է, դրոշները վաղը կտեղադրվեն գործարանի տարածքում՝ Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա, միայն թե ոչ մի հույս չունի, թե Միացյալ Նահանգների դրոշը փակելու է ադրբեջանական փամփուշտների ճանապարհը։

«Սաղ գիտեն՝ էդ ինչ գործարան ա, ինչի համար, որ դրոշը դրեցին, իբր լուրջ բան են էլի անում: Իրանք ամենասկզբից էլ գիտեին, էդ դրոշով հարց չի լուծվի, դրոշը կդնեն ու մարդիկ էլի ոնց միշտ կուզենան աշխատել ու նորից կկրակեն ու նորից չի աշխատի, նենց չի դրոշով հարցին լուծում են տալիս»:

Օրեր առաջ Երասխի այս նույն տարածքը դարձյալ ադրբեջանական զինուժի թիրախում էր, Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որ գործարանի շինարարությունում էին աշխատում, բեկորային վիրավորում էին ստացել։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կրակի տակ է պահում սահմանի մի քանի ուղղություններ

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կրակի տակ է պահում սահմանի մի քանի ուղղություններ՝ Երասխ, Գեղարքունիքի Սոթք ու Վերին Շորժա, Սյունիքի Ներքին Հանդ:

«Գյուղում այս պահին հանգիստ է, գյուղացիներն այս պահին իրենց առօրյա հոգսերով են զբաղված», - ասաց Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը:

Խաչատրյանը վստահեցնում է՝ կրակոցները դիրքերում են, գյուղ չեն հասել։

Սյունիքի Ներքին Հանդ գյուղում ապրող Ռադիկ Բաղդասարյանը պատմում է՝ կիրակի գիշերը շուրջ 15 րոպե ավտոմատի կրակահերթեր էին՝ դարձյալ հայկական դիրքերի ուղղությամբ. այժմ երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված այս գյուղում հարաբերական անդորր է:

Լռություն է Հակարիի կամրջի վրա՝ Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքում։ 5 օր առաջ Ադրբեջանն իր անցակետը փակեց այն բանից հետո, երբ հայկական կողմը կանխեց նրանց դրոշ տեղադրելու փորձը։ Ադրբեջանցի սահմանապահները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին ադրբեջանական դրոշ տեղադրել անցակետից դուրս՝ դեպի Կոռնիձոր հատվածում։ Դրոշ մինչև այժմ էլ չի տեղադրվել, դրա համար նախատեսված ձողը դատարկ է։

Հունիսի 15-ց արգելափակված է ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի ելումուտը

Հունիսի 15-ց արգելափակված է ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի ելումուտն անցակետով. ոչ մի կիլոգրամ մարդասիրական բեռ Արցախ չի մտնում, Կարմիր խաչը չի կարողանում ծանր հիվանդների տեղափոխել:

«Այդ օրվանից առայսօր ոչ մի տեղաշարժ տեղի չի ունեցել, հետևում ենք իրավիճակի զարգացմանը և անընդմեջ կապի մեջ ենք բոլոր որոշում կայացնողների հետ: Հենց իրավիճակը թույլ կտա, հուսով ենք, որ կվերսկսվեն մեր աշխատանքները», - նշեց ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Արցախի առողջապահության նախարարության խոսնակի տեղկացմամբ՝ Արցախում 175 հոգի, ուռուցքային ու սիրտ-անոթային խնդիրներով, սպասում են Հայաստան տեղափոխվելու օրվան, Ստեփանակերտում էլ դադարեցվում են բոլոր ոչ հրատապ վիրահատությունները, բուժպարագաների պակաս կա:

«Դեղորայքի մատակարարումը ևս կասեցված է և ստացիոնար հատվածում ունենք 40 տոկոս դեղորայքի բավարարվածություն, իսկ ամբուլատոր հատվածում 20 տոկոս: Այդ պատճառով որոշվել է, որ այսօրվանից չեղարկվեն բոլոր պլանային հետազոտությունները և միջամտությունները», - ասաց ԱՆ ներկայացուցիչ Անգելինա Իսախանյանը:


Ավելի քան կես տարի է Արցախը ադրբեջանական պաշարման մեջ է, վերջին ամիսներին սակայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով հնարավորություն էր ստեղծվել մեղմել իրավիճակը՝ դեղորայք, վառելիք, սնունդ էր հասնում Ստեփանակերտ: 5 օր առաջ մարդասիրական առաքելությամբ Հակարիի կամուրջ հասած բոլոր մեքենաները հետ են վերադարձել։ Ստեփանակերտցի Արեգա Իշխանյանն ասում է՝ արդեն իսկ որոշ ապրանքների սուր դեֆիցիտ կա:

Ձեթ- շաքարավազից բացի խանութներում մարդիկ ալյուր էլ չեն գտնում, միրգ բանջարեղենը նույնպես հեռանում է վաճառասեղաններից. - «Պակասը երևում ա ու նենց ա, որ Հայաստան էլ ա տենց, նենց չի մենակ ստեղ ա, սաղ կարկտահավրեց, եղածն էլ սաղ կարկուտը տարավ»:

Շուկայում արցախում աճեցված կարտոֆիլն է, կիլոգրամը 600 դրամ է. տիկին Արեգան նաև գներից է դժգոհում։ Հիշեցնում՝ դատարկվող խանութներից բացի՝ ամիսներ շարունակ ապրում են առանց գազի և հոսանքի հովհարային անջատումների պայմաններում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG