Մատչելիության հղումներ

Վիրավորված ԱԱԾ սահմանապահի վիճակը գնահատվում է կայուն ծանր. իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է


Սյունիքի Տեղ գյուղի հայկական դիրքում ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած սահմանապահ ծառայության զինծառայողը 21-ամյա Արթուր Արմենի Ազրոյանն է։ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են՝ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, վիրահատում են։

Այսօր առավոտից իրադրությունը լարված է Սյունիքի սահմանին, ըստ Պաշտպանության նախարարության՝ ադրբեջանական զինուժը ականանետային կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում, իսկ Կապանի հայկական դիրքի վրա անօդաչու է կիրառել։ Այս պահին իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է:

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար», - նշում է ՀՀ ՊՆ-ն:

Ադրբեջանցիները առաջխաղացման փորձ են արել Հակարիի կամրջի ուղղությամբ. կասեցվել են հումանիտար փոխադրումները

Այսօր առավոտից Հայաստան-Արցախ սահմանագծին՝ Հակարիի կամրջի տարածքում են հնչել առաջին կրակոցները։ 8:40-ի սահմաններում ադրբեջանցի մի խումբ սահմանապահ զինծառայողներ առաջխաղացման փորձ են արել կամրջի ուղղությամբ՝ փորձել են Հայաստանի տարածքում դրոշ տեղադրել։ Հայաստանի սահմանապահ ծառայությունից տեղեկացնում են՝ ձեռնարկված միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Ավելի ուշ տարածվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, ենթադրաբար, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում կամուրջը, Հայաստանի տարածք մտնում, դրոշը ձողով փորձում են ամրացնել, ապա բոլորով ցրվում են՝ հայկական դիրքից արձակված կրակոցից հետո։

Պաշտոնական Բաքուն դրոշի տեղադրման ջանքերի մասին չի խոսում, հաղորդում է՝ Հայաստանի տարածքից կրակել են Հակարիի անցակետի ուղղությամբ, ադրբեջանցի սահմանապահ է վիրավորում ստացել։

Օրվա ընթացքում մեկ այլ տեսանյութ տարածվեց՝ որտեղ ադրբեջանական դրոշն է բարձրացվում նույն հատվածում՝ այս անգամ կադրերից դատելով՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի ներկայությամբ։ Թե այս մի փորձն ինչով է ավարտվել՝ հայտնի չէ։ Փաստն այն է, որ այս պահին Կամրջից դեպի Սյունիքի մարզ բերող հատվածում ադրբեջանական դրոշ չկա, կա դրոշի ձողը։

«Ազատության» Սյունիքի թղթակիցն է այսօր մի քանի անգամ տեղում արձանագրել իրավիճակը: Առավոտյան Հակարիի կամրջի ադրբեջանական հատվածում մեծ քանակությամբ մեքենաներ էին կուտակված, նաև ռուսական բեռնատարներ: Հենց կամրջի վրա խաղաղապահների զրահատեխնիկան փակել էր ճանապարհը: Ադրբեջանը փակել է անցակետը, ահազանգեցին նախ Արցախից

Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետը, արխիվ
Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետը, արխիվ

«Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ», - ասված է հաղորդագրությունում:

Չեղարկվել է նաև այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից: Կասեցվել է հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը: Հակարիի անցակետի շուրջ ծավալվող իրադարձություններին Կոռնիձորի տարածքից հետևում էին Եվրամիության դիտորդները, նրանց ուղեկցում էր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Հակարիի անցակետը Սյունիքի Կոռնիձոր գյուղի տակ է. այստեղ ապրողները կրակոցների ձայներ առավոտյան չէին լսել:

Այս պահին Հակարի անցակետը ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել, տարածքում այլևս մեքենաներ չկան, Կարմիր Խաչի, ռուս խաղաղապահների մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ։ Տեղում է դրոշի ձողը։

Վիրավորված ԱԱԾ սահմանապահի վիճակը գնահատվում է կայուն ծանր. իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG