Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ՌԴ դեսպանը մոտ մեկ ժամ Արտգործնախարարությունում է եղել


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մոտ մեկ ժամ հանդիպում է ունեցել Արտգործնախարարությունում․ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դեսպանը մտնում Արտգործնախարարության շենք։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաստատել են։

Թե ինչ հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում, Ռուսաստանի դեսպանը չի մանրամասնել: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք դեսպանը կանչվել է ԱԳՆ Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված, թե նախօրոք պլանավորված այց է, Կոպիրկինը չի պատասխանել։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստացել է հանդիպման մասին ավելի ուշ տեղեկություն հաղորդել։

Երեկ պաշտոնական Երևանը հաղորդեց, որ Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխվել է։ Ըստ ԱԱԾ-ի՝ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։

Իշխանություններից այսօր հայտարարեցին, որ Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցածը շատ մեծ խնդիր են համարում ու դրա շուրջ խոսում են ռուս գործընկերների հետ։

Հակարիի կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման մասին պատմող տեսանյութերից ենթադրվում է, որ գործընթացը հսկել են ռուս խաղաղապահները, մի դեպքում՝ բառացիորեն կենդանի պատ կազմելով։

Դեսպանն այսօր «Ազատությանը» որևէ մեկնաբանություն չտվեց, թե ինչպես է գնահատում Լաչինի միջանցքում խաղաղապահների գործողությունները։

XS
SM
MD
LG