Արցախի ոստիկանությունը հաղորդում է, որ հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Ըստ Ոստիկանության՝ երեկ ժամը 08:50-ի սահմաններում, Սոս գյուղի բնակիչ 43-ամյա Սասուն Հովսեփյանը «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, երբ ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են արձակել իր ուղղությամբ։
Ինչպես Արցախի ոստիկանությունն է տեղեկացնում՝ կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Այսօր առավոտվանից էլ Երևանն ու Ստեփանակերտը հաղորդում են հրադադարի խախտումների մասին․ ադրբեջանական զինուժը կրակել է Տեղ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայ սահմանապահ է վիրավորվել։ Իրադրությունը լարված է Սյունիքի սահմանին, նաև Հակարիի կամրջի վրա։