Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենում այսօր կկանգնի դատարանի առաջ։
Ամերիկայի պատմության մեջ սա առաջին անգամն է, երբ նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվում քրեական հանցագործության կասկածանքով։
ԱՄՆ-ի 45-րդ նախագահին առաջադրված մեղադրանքն առնչվում է 2016 թվականին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 30 հազար դոլար վճարելուն՝ Թրամփի հետ սեքսուալ հարաբերության մասին լռելու համար: Մանհեթենի շրջանային դատախազը գտնում է, որ Թրամփը խախտել է ընտրական օրենսդրությունը՝ վճարման համար օգտագործելով ընտրական հիմնադրամի գումարները։
Դոնալդ Թրամփը մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում, քանի որ 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի։
Թրամփին ձերբակալություն չի սպառնում, բայց դատարանում բոլոր ստանդարտ ընթացակարգերը պահպանվելու են՝ պարզելու են ինքնությունը, վերցնելու են մատնահետքերը, լուսանկարելու են, բարձրաձայն ընթերցվելու է մեղադրանքը, ինչից հետո դատավորը նախկին նախագահին հարցնելու է, թե արդյոք իրեն մեղավոր է ճանաչում։ Ակնկալվում է նրա բացասական պատասխանը։ Այնուհետև դատավորը նշանակելու է լսումների հաջորդ նիստի օրը։ Նիստերի դահլիճում մի շարք լրատվամիջոցների լուսանկարիչներ են լինելու, տեսանկարահանումն արգելված է։
Նյու Յորքում անվտանգային միջոցներն ուժեղացվել են, ակնկալվում է Թրամփի աջակիցների հանրահավաք։ Միացյալ Նահանգների նախկին նախագահն ասել է, որ այսօր երեկոյան Նյու Յորքում ելույթ կունենա իր աջակիցների առջև։