Մատչելիության հղումներ

Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է Թրամփի Ֆլորիդայի առանձնատունը


Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայում գտնվող առանձնատունը։ Այս մասին ԱՄՆ 45-րդ նախագահը հայտնեց անցած գիշեր իր իսկ ստեղծած TruthSocial սոցիալական ցանցում արված գրառմամբ։

«Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող Մար-ա-Լարգոյի իմ սքանչելի տունն այս պահին գտնվում է շրջափակման մեջ։ Այն ենթարկվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի մեծ թվով աշխատակիցների հարձակման և զավթման», - գրել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով` խուզարկությունն իրականացվել է Թրամփի դեմ հարուցված երկու քրեական գործերից մեկի շրջանակներում։ Այս մի գործը հարուցվել էր Միացյալ Նահանգների Ազգային արխիվի ղեկավարության դիմումի հիման վրա այն բանից հետո, երբ նախկին նախագահի՝ Ֆլորիդայում գտնվող առանձնատանը Թրամփի պաշտոնավարման տարիներին վերաբերող 15 արկղ փաստաթղթեր էին հայտնաբերվել։ Բանն այն է, որ ըստ ամերիկյան օրենսդրության` Սպիտակ տունը լքելուց հետո Թրամփը դրանք պարտավոր էր վերադարձնել պատկան մարմինններին։

Ինքը` նախկին նախագահը, սակայն, համոզված է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Մար-ա-Լարգոյում իրականացրած խուզարկության դրդապատճառները ոչ թե իրավական են, այլ զուտ քաղաքական։

«Միացյալ Նահանգների որևէ նախագահի հետ նման բան երբեք տեղի չի ունեցել։ Այս ամենը քաղաքական հետապնդում է, [քննիչները] նույնիսկ բացել են իմ տանը գտնվող չհրկիզվող պահարանը», - պնդել է ԱՄՆ 45-րդ նախագահը։

Մինչդեռ խուզարկության պահին Թրամփը Մար-ա-Լարգոյի առանձնատանը չէր։ CNN-ի տեղեկություններով` նա Նյու Ջերսիում գտնվող իր գոլֆ ակումբի տարածքի տանն էր, որտեղից մասնակցում էր Հանրապետական կուսակցության ներքին ընտրարշավին իր աջակիցներից մեկի հեռախոսային քարոզարշավին։

Փոխարենը խուզարկության մեկնարկից անմիջապես հետո Թրամփի առանձնատան մոտ էին հավաքվել Ֆլորիդայում բնակվող նրա տասնյակ աջակիցները։

Թրամփի կողմնակիցները որևէ կասկած չունեն՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործողությունները նպատակ ունեն կանխել հանրապետականների հաղթանակը Կոնգրեսի՝ աշնանը կայանալիք միջանկյալ ընտրություններում, ինչպես նաև բացառել Թրամփի հնարավոր մասնակցությունը 2024 թվականի նախագահական ընտրարշավին։

«Ըստ իս` սա ևս մեկ անարդարացի հորինվածք է, շատ նման այն կեղծիքներին, որոնց վրա էր հիմնված [Թրամփի] իմպիչմենթի գործընթացը», - հայտարարել է Թրամփի աջակիցներից Ջիմ Վոլանը։

Նկատելի էր, ի դեպ, որ Դոնալդ Թրամփի առանձնատան մոտ հավաքված նրա կողմնակիցների թվում քիչ չէին նաև ծագումով կուբացիները։ Ֆլորիդայի բնակչության այս մի հատվածը, որպես կանոն, քվեարկում է հանրապետականների օգտին, և նախորդ տարի անցկացված հետազոտությունները վկայում էին, որ հենց Ֆլորիդայում բնակվող կուբացիների պատճառով էր, որ Ջոզեֆ Բայդենը 2020-ի ընտրություններում չէր կարողացել հաղթել այս նահանգում։

«Կարծում եմ, որ այն ինչ կատարվում է [Թրամփի շուրջ], կատարյալ կոմունիզմ է։ Ես կուբացի եմ, և ես այդ ամենը տեսել եմ իմ եփական աչքերով։ Արդարադատության նախարարության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, հարկային մարմինների օգտագործումը քաղաքական նպատակներով... ես գիտեմ` ինչ է դա նշանակում.[դեմոկրատները] հիմա դրանով են զբաղված», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է Թրամփի աջակից Ալեքս Գոնսալեսը։

Արդարադատության նախարարությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի Վաշինգտոնի կենտրոնակայանն ու Մայամիի տեղական բաժանմունքը առայժմ Թրամփի առանձնատան խուզարկության առթիվ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Միակ բանը, որ լրատվամիջոցներին են փոխանցել իրավապահները, այն է, որ ԱՄՆ գործող նախագահն ու նրա թիմակիցները Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործողության մասին նախապես տեղեկացված չեն եղել։ Թրամփի մերձավոր շրջապատը, սակայն, այս վարկածին չի հավատում։

«Այս ամենի աղբյուրը մեկ վայրում և մեկ շենքում է՝ Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տանը։ Նրանց հարձակման թիրախն այն մարդն է, որին դիտարկում են որպես գլխավոր սպառնալիք Բայդենի համար», - CBS-ին տված հարցազրույցում այսօր պնդել է Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը։

Սոցհարցումները, սակայն, վկայում են՝ ամերիկացիների զգալի մասը հոգնել է թե՛ Բայդենից և թե՛ Թրամփից։ Երկու օր առաջ YouGov սոցիոլոգիական ծառայության և YahooNews-ի անցկացրած համատեղ հարցման արդյունքները, օրինակ, ցույց են տաիս, որ ամերիկացիների 40 տոկոսը Բայդենի վերընտրությունը կամ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն վատթարագույն զարգացում է համարում երկրի համար։ Իսկ եթե 2024 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում, այնուամենայնիվ, միմյանց դեմ պայքարեն երկրի 45-րդ և 46-րդ նախագահները, ապա Բայդենի օգտին պատրաստ է լինելու քվեարկել ընտրողների 45, իսկ Թրամփի օգտին` 42 տոկոսը։ Դա, սակայն, այն դեպքում, եթե մինչև մյուս նախագահական ընտրությունները Դոնալդ Թրամփը հարուցված երկու քրեական գործերից որևէ մեկի շրջանակներում չկանգնի դատարանի առջև և մեղավոր չճանաչվի։ Այդ դեպքում նրա վերադարձի ճանապարհը դեպի Սպիտակ տուն վերջնականապես փակ կլինի։

XS
SM
MD
LG