«Ռուսաստանի հետ կանոնավոր ծովային հաղորդակցության վերսկսման մասին լուրերը պարզապես ֆեյք են», - այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր բեռնափոխադրումների մասին տեղեկությունները։
Նախօրեին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էր հայտարարել, որ հայ գործարարները կարող են օգտվել Բաթումիի և Նովոռոսիյսկ քաղաքների միջև գործարկված ծովային փոխադրումների երթուղուց։
«Խոսքն առևտրային նավի մասին է, որն ամբողջությամբ պատկանում է Հայաստանին։ Վրաստանը որպես միջազգային կոնվենցիային միացած պետություն պարտավոր է ամբողջական և ազատ հասանելիություն ապահովել այն երկրի համար, որը չունի ելք դեպի ծով։ Հայաստանը նման ելք չունի, և բացի մեր երկկողմ պարտավորություններից, նաև միջազգային կոնվենցիաներն են պահանջում, որ այդ երկրի ելքը դեպի ծով ապահովված լինի», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Պապուաշվիլիի պնդմամբ՝ հայկական բեռներ տեղափոխած նավը «ոչ ռուսական դրոշի տակ էր, ոչ էլ պատժամիջոցների»։