Մատչելիության հղումներ

Ըստ IRI-ի հետազոտության՝ ՀՀ-ում բնակվողների 52 տոկոսի կարծիքով՝ Հայաստանը սխալ ուղղությամբ է շարժվում


Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ. Հայաստանում բնակվողների 52 տոկոսի կարծիքով՝ սխալ ուղղությամբ, 26 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ, 12-ը դժվարացել է պատասխանել։

Վերջին կես տարվա Կառավարության ամենամեծ ձեռքբերումները դիվանգիտական կապերի զարգացումն ու ճանապարհների բարեկարգումն են, իսկ ամենամեծ ձախողումը՝ Լաչինի միջանցքի փակ լինելն ու ղարաբաղյան հարցի տապալումը։

Հարցման այսպիսի արդյունքներ ստացվել են IRI-ի՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի, նախաձեռնած հետազոտության արդյունքում։ Տվյալները հավաքվել են Հայաստանում հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում։

Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ բավարարված է հարցվածների 17 տոկոսը, 42 տոկոսը համարում է, որ փոփոխությունները դանդաղ են ընթանում, իսկ 35 տոկոսը կարծում է, որ որևէ փոփոխություն տեղի չի ունենում։

Ապագային հավատում է հարցվածների 18 տոկոսը, 26-ը միայն հույս ունի, որ ապագան որոշ չափով ավելի լավը կլինի, 35 տոկոսը վախ ունի ապագայի նկատմամբ, 20 տոկոսն էլ նշում է, որ հավատը լրիվ կորցրել է։ Ընդ որում, ապագայի հանդեպ ավելի լավատես են տղամարդիկ, քան կանայք, ըստ զբաղվածության խմբերի՝ ամենալավատեսը թոշակառուներն են։

Որո՞նք են Հայաստանում առկա հիմնական խնդիրները։

Հարցվածների 44 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում առկա հիմնական խնդիրները ազգային անվտանգությունն ու սահմաններն են։ Խնդիրների շարքում 2-րդ տեղում գործազրկություն է, ապա աղքատությունը, իսկ 8 տոկոսի գնահատմամբ, գլխավոր խնդիրը ռազմական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունն է։

Քաղաքական գործիչներից ամենամեծ վստահությունը վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարցվածների 13 տոկոսի գնահատմամբ, 2-րդ տեղում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, 2 տոկոսի վստահությունն է վայելում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1 տոկոսի վստահությունը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ հարցվածների մեծ մասը՝ 64 տոկոսը, նշել է, որ որևէ մեկին չի վստահում։

Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի։ Հարցվածների 21 տոկոսը նշել է, որ ձայն կտար «Քաղաքացիական պայմանագրին», 4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», իսկ 4-րդ տեղում «Հանրային ձայն» կուսակցությունն է, որի համահիմնադիրը «Դոգ» մականունով, հայհոյախառն յութուբյան եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանն է՝ ոստիկանության նախկին աշխատակից։ Ընդ որում, վերջին՝ 2021 թվականի ընտրություններում ՔՊ-ն ստացել էր ձայների 53 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21։

Ի՞նչ ակնկալիքներ ունեն հարցման մասնակիցները Կառավարությունից։ 12 տոկոսը համարում է, որ Կառավարությունը պետք է բարելավի բանակային պայմանները, ուշադրության կենտրոնում պահի ազգային անվտանգության հարցերը ու պահպանի սահմանները: 9 տոկոսի համար առաջնային է խաղաղության հաստատումը: Մարդկանց ևս 9 տոկոսն իշխանություններից ակնկալում է Լաչինի միջանցքի բացում, միևնույն ժամանակ Լաչինի միջանցքի փակ լինելը հարցվածների մեծ մասը համարել է Կառավարության ամենամեծ ձախողումը։

Կոռուպցիա․ հարցվածների 41 տոկոսը շարունակում է համարել, որ կոռուպցիան շատ մեծ խնդիր է մեր երկրում։ Ընդ որում, Հայաստանի բնակիչների կարծիքով՝ կոռուպցիան ամենաշատն առկա է առողջապահության համակարգում, ապա դատարններում ու մաքսային ծառայություններում։

Արտաքին քաղաքականության մասին. հարցվածների 63 տոկոսը հարաբերությունները շատ լավ է գնահատում Ֆրանսիայի հետ, 2-րդ տեղում Իրանն է, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, իսկ Ռուսաստանի հետ հարբերությունները շատ լավ է գնահատում միայն հարցվածների 10 տոկոսը։ 49 տոկոսի կարծիքով էլ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ վատ կամ որոշ չափով վատ են։ Մյուս կողմից հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր քաղաքական գործընկեր է, սակայն Ռուսաստանից կարևոր համարվել են Ֆրանսիան, Իրանն ու Միացյալ Նահանգները։

Ո՞ր երկրներն են ներկայացնում քաղաքական սպառնալիք Հայաստանի համար. առաջին տեղում Ադրբեջանն է, ապա Թուրքիան, իսկ 3-րդ տեղում, հարցվածների 24 տոկոսի կարծիքով, Ռուսաստանն է։

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի Երևանի նոր քաղաքապետը. ըստ հարցվածների մեծամասնության՝ առաջնային խնդիրը տրանսպորտի հարցն է, ապա աղբահանության ու կանաչապատման։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG