Մատչելիության հղումներ

Վարչապետը և «Ռոսատոմ»-ի ղեկավարը քննարկել են ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգումը և նորի կառուցումը


ՀԱԷԿ-ը, արխիվ
ՀԱԷԿ-ը, արխիվ

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և նոր էներգաբլոկի կառուցման հարցն են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, «Նաիրիտ» գործարանում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։

Մեծամոր քաղաքի մերձակայքում գտնվող Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1979 թվականին: ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989 թվականին։ 1995-ին ռուս մասնագետների մասնակցությամբ ատոմակայանը կրկին ակտիվացվել է, ինչից հետո վերսկսվել է կայանի երկրորդ էներգաբլոկի արդյունաբերական շահագործումը։

Ատոմակայանն արտադրում է Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ 2021 թվականի նոյեմբերին ավարտվել են էներգաբլոկի լայնածավալ արդիականացման աշխատանքները, ինչը հնարավորություն է տվել երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG