Ադրբեջանը բացահայտ ճնշման է գնում՝ Հայաստանից պահանջելով «Զանգեզուրի միջանցք», «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք Լաչինի միջանցքում եթե ոչ նախկին ռեժիմին վերադառնալու, ապա գոնե ինչ-որ չարյաց փոքրագույն լուծում գտնելու հնարավորություն:
Զուրաբյան. - Այսինքն՝ ադրբեջանցիք չեն գնա հենց այնպես զիջումների, եթե դրել են: Լաչինի միջանցքի շրջափակումը կատարվում է մեկ նպատակով, որ ճնշում դրվի ոչ այդքան Արցախի վրա, Հայաստանի վրա, որ Հայաստանը բացի այն, ինչ որ իրանք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Դրա մասին Ալիևը բազմաթիվ անգամ ասել է, ընդ որում՝ երկու տարի առաջ է ասել և միշտ այդ թեզն առաջ է տարել, որ եթե դուք չբացեք միջանցքը մեզ համար, մենք էլ կփակենք Լաչինի միջանցքը: Քանի որ միևնույն է խախտում է, և նա ինչ-որ ձևով պետք է փորձի պատշաճությունները պահել, սկզբից արվեց էկոակտիվիստների ձեռքով, բայց վերջերս արդեն ավելի բացահայտ ճնշման է գնում, և խնդիրն այդպես է դրվում՝ եթե դա չեք անում, ուրեմն մենք փակում ենք և սպառնում ենք ղարաբաղյան հայ բնակչությանը, բայց նաև ստեղծում ենք անելանելի պայմաններ, որովհետև, ըստ իրենց, մենք չենք կատարում իրենց պահանջները:
«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնում, որ այսպիսի շանտաժի տակ են: Նրանք ասում են՝ սա Ղարաբաղը վերցնելու համար է արվել:
Զուրաբյան. - Չեն ասում, որովհետև մի պարզ բան է այդ դեպքում բացահայտվում, որ իրենց դիվանագիտությունը լրիվ ձախողվել է: Հիմա եթե պատերազմն ավարտվել է, դրանից հետո ազդարարված էր խաղաղության ժամանակաշրջան կամ անգամ դարաշրջան, էդ քաղաքականությունը երկու երեք ամիսը մեկ մեզ բերում է մի հերթական, եթե ոչ աղետի, հերթական կորստի: Մենք կորցնում ենք տարածք, մարդկանց, վիրավորների, և ի վերջո տուժում է նաև մեր արժանապատվությունը, էլ չեմ ասում՝ տնտեսությունը, որովհետև նման երկիր, որտեղ երկու երեք ամիսը մեկ միշտ ռազմական ինչ-որ սպառնալիքեր են ստեղծվում, նման երկրում ոչ ոք ինվեստիցիա չի անի:
Եթե այսօր Հայաստանի տնտեսական վիճակը շատ վատ չէ, դա բացառապես կապված է այն հանգամանքի հետ, որ մոտ մի 100 հազար ռուսաստանցի տեղափոխվել են Հայաստան: Ուզում եմ ասեմ՝ մենք մշտապես երկու երեք ամիսը մեկ հայտնվում ենք նման վիճակի մեջ և հարց է ծագում՝ սա ի՞նչ դիվանագիտություն է: Այսինքն՝ ինչ-որ մի բան ֆունդամենտալ սխալ է այդ կատարված գործում, իսկ իշխանությունը դրա մասին վախենում է խոսել: Եթե այսօր ինչ-որ մի հրաշքով ռուսական խաղաղապահ զորքերն անհայտանում են Ղարաբաղից, բոլորս էլ հասկանում ենք չէ՞ ինչ է լինում, լինում է հայկական բնակչության ցեղասպանություն կամ մորթ, մի ահավոր գործընթաց, որտեղ որևէ հայ չի մնում, հետևաբար, մենք հասկանում ենք հետևյալը, որ՝ այո, ռուսները վատ են կատարում իրենց պարտականությունները, բայց այն, ինչ որ իրենք կատարում են, այնուամենայնիվ, ինչ-որ արժեք ունի:
Ստորև կարող եք դիտել հաղորդումն ամբողջությամբ.