Մատչելիության հղումներ

«Ոնց որ տամոժնիայում՝ գրանցում, նկարում, ամեն ինչ անում են, ինչ-որ տեղ ծաղրում են». Մեծ Շենի համայնքապետ


«Անասուններս կեր չունեն, ես էլ ունելու բան չունեմ։ Հինգ մայրացու խոզեր խռխռալով, սոված երեսիս են նայում», - ասում է մեծշենցի Գեղամ Հարությունյանը՝ բացատրելով, թե երեկ ադրբեջանցիների նոր անցակետով գնացել Գորիս ու հետ եկել. - «Եթե մեզ բերեն ստեղ ամեն ինչով ապահովեն, ես խի՞ պըտի գնամ, ինձ ի՞նչն ա ստիպում գնալ։ Ինձ խոզերն են ստիպել, որ գնամ»։

Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր, Եղցահող գյուղերը ավելի քան մեկ շաբաթ է, հայտնվել են ադրբեջանական երկու անցակետերի միջև, կրկնակի բլոկադայի մեջ են, սննդի, դեղորայքի, անասնակերի խնդիրներ են առաջացել։

Հենց այս գյուղերից մի քանի բնակիչներ, նաև համայնքապետեր են հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում. ցուցադրում են, թե ինչպես է գործում Հակարիի կամրջի վրա տեղադրած իրենց նոր անցակետը։

Մանրամասն քայլ առ քայլ նկարահանել էին, թե ինչպես են մի քանի արցախցիներ իրենց մեքենաներով կանգնում անցակետում, անցնում անձնագրային ստուգում, բացում բեռնախցիկը և պատասխանում մի քանի հարցերի՝ որտեղի՞ց եք, ի՞նչ եք տանում ... ադրբեջանցի սահմանապահները տեսախցիկի առջև շատ քաղաքավարի են՝ բարև ձեզ , ամենայն բարիք...

«Սկիզբն է», - Գեղամ Հարությունյանի համար այս ամենը հասկանալի է. - «Սպասում էի, որ ինձ պիտի հարցեր տային, որովհետև մի գրանցումը Լաչինի ա... Չասեցին ոչ մի բան, չգիտեմ։ Միգուցե սպասում են հաջորդ անգամ»։

Կոնկրետ իր անձնագրում ադրբեջանցի սահմանապահները որևէ նշում չեն արել, թեպետ հարցը քննարկել են. - «Իրանց լեզվով խոսում եմ, որ փխեն փեչատ, մեկը էնդեղից ասես չէ, մի խփեք։ Ես հասկանում եմ իրանց լեզուն»։

Գեղամ Հարությունյանն ասում է, որ իրենց ոչ մի ռուս չի ուղեկցել. - «Ռուսները կամրջի էն մի ծերին են կանգնած ու էն մի ծերին, մեջտեղը իրանք են կանգնած կամրջի վրա»։

Գնումների գնալու ցանկության մասին տեղեկացրել է Արցախի ոստիկանության ներկայացուցչին։ Երեկ առավոտյան ասել են գնա, ինքն էլ գնացել է։

Ըստ Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանի, որոշ բնակիչներ ռուս խաղաղապահներից են հավաստիացում ստացել. - «Ռուսները ասել են, որ խոչընդոտ չի լինի, մենք ենք հսկում, մենք ենք ստուգում։ Մարդիկ գնացել են, որ առևտուր անեն... արդեն թորքերն են լրիվ ոնց որ տամոժնիայում՝ գրանցում, նկարում, ամեն ինչ անում են, ինչ-որ տեղ ծաղրում են»։

Դավիթ Դավթյանի տպավորությամբ, անցակետից հրապարակված կադրերում միայն բեմադրություն է . - «Ասում ա՝ ո՞ւր ես գնում։ Ասել ա՝ Ստեփանակերտ։ Ասում ա՝ Ստեփանակերտ չի, Խանքենդի ա։ Եթե քաղաքավարության ա գնում, ի՞նչ Խանքենդիի մասին ա, եթե Ստեփանակերտ ա էդ քաղաքի անունը։ Այսինքն՝ ինքը ուզում ա իրանը առաջ տա, ուզում ա ասի՝ Ստեփանակերտ մի ասա, էդ քաղաքի անունը սենց ա, իրանց ասածով, իրանց ուզածով... Էդ քաղաքավարության նշան ա՞»

Մեծ Շենի համայնքապետն ինքն էլ պլանավորել էր այսօր Գորիս մեկնել, բայց երեկ տեղի ունեցածից հետո գերադասում են կրկնակի շրջափակված մնալ։ Այսօր այս գյուղերից դեպի ադրբեջանական անցակետ որևէ շարժ չկա։ Արցախի ոստիկանությունն էլ, ըստ մեծշենցիների, հսկում է ճանապարհը, որպեսզի «մարդիկ չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում»։

Արցախի շրջափակումը կամրջի վրա ու Շուշիի մոտ շարունակվում է, այս վերջին կետում էլ ակտիվիստներին փոխարինել են ուժայինները։

Այսօր ռուս խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարի հետ հանդիպել են Արցախի նախագահը, պետնախարարը, Ներքին գործերի ու պաշտպանության նախարարները։ Պետնախարար Ներսիսյանն է ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ այդ հանդիպմանը վերահաստատել են Ստեփանակերտի դիրքրոշումը՝ Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով և այն պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Հրամանատար Լենցովն ասել է, որ առաջիկա օրերին հանդիպելու է ադրբեջանական կողմի հետ և տեղեկություններ կփոխանցի շաբաթվա վերջում:

Արցախից դիմում են հայաստանցիներին, այստեղի իշխանություններին. - «Ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ»:

Եթե ադրբեջանական անցակետը Լաչինի միջանցքից չհեռացվի, ուրեմն ռուսները Արցախի հանձնում են Ադրբեջանին», - Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այսօր առավոտից հավաք էր հրավիրվել , որտեղ այսպիսի մտքեր են հնչում։

«Ո՞րն է մեր պահանջը ռուսներից։ Պետք ա իրանք հայտարարեն իրանք կարո՞ւմ են իրանց պարտականությունները անեն։ Այո, թե ոչ։ Եթե այո, ապա աչքներս տեսնա, եթե ոչ, ուրեմն պետք ա դուրս գան ու հայտարարեն՝ մենք ի վիճակի չենք», - ասում է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Օսիպյանին էր միացել օրեր առաջ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրած Տիգրան Պետրոսյանը, ով ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարից է ստացել հավաստիացում, որ անցակետում ադրբեջանցիներ չեն լինելու. - «Ուրիշ տարբերակ չունինք։ Մունք Ադրբեջանին կարըմ չենք պարտադրինք, եթե նույնիսկ Հայաստանից պահանջում ենք, Հայաստանը ոչ մի բան կարըմ չի անել Ադրբեջանի դեմ։ Մի հատ տարբերակը, որ մենք պահանջենք ռուսներից՝ կա'մ կատարեցեք, կա'մ յեր կացեք քյացիք ստեղան։ Մենք մեր ճարը գիդանք...»

Ըստ հավաքի մասնակիցների, ադրբեջանական անցակետը Հայաստանն Արցախին կապող ճանապարհին ցեղասպանություն է, յաթաղանին փոխարինող նոր տեխնոլոգիա։

«Կամայական մարդիկ կարող են մի բան գլխին սարքել անցակետում ու հավաքեն տանեն սաղին Բաքու», - ասում է Արթուր Օսիպյանը։

Նրա կարծիքով՝ արցախցիները համաժողովրդական պայքարի ու ըմբոստության միջոցով պիտի փորձեն Արցախում ապրելու իրավունքը պաշտպանել։ Այլ երկրներից որքան էլ անհանգստություն ու մտահոգություն արտահայտող հայտարարություններ հնչեն, օգուտ չկա. - «Իրանք այ տենց անհանգստացած նայելու են, թե ինչպես են արցախցիներին Արցախում վերացնում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG