Մատչելիության հղումներ

Հայաստանից էլեկտրոնիկայի արտահանումը շեշտակի աճ է գրանցել


Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշով հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում։ Մասնագետները զգալի աճը բացատրում են այս ապրանքների դեպի սանկցիաների տակ գտնվող Ռուսաստան վերաարտահանմամբ և զգուշացնում՝ սա կարող է դուր չգալ Արևմուտքին։

«Պետք է արձանագրենք, որ այս երկու էլեկտրատեխնիկա արտադրող, ներկրող և վաճառող կազմակերպությունների հիմնական շուկան եղել է Ռուսաստանի Դաշնությունը», - ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Այս տարվա առաջին եռամսյակում ամենախոշոր խանութներից մեկը՝ «Վեստան» շուրջ 9 միլիարդ դրամի հարկեր է վճարել և այժմ Հայաստանի չորրորդ ամենախոշոր հարկատուն է։ Հատկանշական է, որ ամբողջ 2022-ի ընթացքում ընկերությունն ավելի քիչ հարկ էր վճարել, քան այս տարվա առաջին երեք ամիսներին։

էլեկտրոնիկա վաճառող մեկ այլ խոշոր ընկերություն՝ հեռախոսների ներկրմամբ զբաղվող «Մոբայլ Սենթրն» էլ խոշոր հարկատուների ցանկում 7-րդն է վճարած 5,4 միլիարդ դրամով։

Ոչ «Վեստան», ոչ էլ «Մոբայլ Սենթրը» 2022-ին նախորդած տարիներին Հայաստանի խոշոր հարկատուների նույնիսկ քսանյակում չեն եղել։ 2021-ին օրինակ ներկայիս չորրորդ խոշոր հարկատու «Վեստան» 105-րդն էր։

Էլեկտրատեխնիկա վաճառողների համար շատ հաջողակ դարձած 2022-ի գարնանն Արևմուտքը մի շարք պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինա ներխուժած Ռուսաստանի դեմ. հեռախոսների, համակարգիչների, հեռուստացույցների և մի շարք այլ էլեկտրական ապրանքների բազմաթիվ հայտնի բրենդեր ռուսաստանցիներին հասանելի չեն։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ այս բացը լրացնում են նաև Հայաստանի միջոցով. - «Բազմաթիվ ռուսաստանցիներ, որոնք գալիս են թեկուզ մի քանի շաբաթով Հայաստան, իրենք իրենց հետ տանում են մեծ թվով էլեկտրատեխնիկա»։

2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստանից Ռուսաստան արտահանումը նախորդ տարվա համեմատ աճեց գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։

Թե այս կամ այն ապրանքից կոնկրետ որքան է արտահանվել Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր երկիր առայժմ հայտնի չէ։ Տարվա ամբողջական վիճակագրությունը կամփոփվի ավելի ուշ, սակայն 2022-ի առաջին կիսամյակի տվյալներն էլ փաստում են, որ էլեկտրոնիկա գրեթե չարտադրող Հայաստանից նմանատիպ ապրանքների արտահանումը շեշտակի աճ է գրանցել։

Եթե 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 745 հատ հեռախոս, մոդեմ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 53 հազարի։

Կտրուկ ավելացել է նաև հեռուստացույցների արտահանումը Հայաստանից՝ 2021-ի 3 հեռուստացույցի փոխարեն 2022-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է 5829-ը։ Տարբերությունը զգալի է նաև այլ ապրանքախմբերի դեպքում։

«Միայն այս տարվա առաջին եռամսյակում արտահանման ծավալները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է2,2 անգամ», - նշեց Պարսյանը։

Էլեկտրատեխնիկա արտահանող ընկերությունների ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում իրենց շեշտակի բիզնես հաջողությունները։ Արդյո՞ք նմանատիպ ապրանքների վերարտահանումը կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանը ևս հայտնվի արևմտյան սանկցիաների տակ։

Անցած ամիս Վաշինգտոնը պաշտոնապես նաև Հայաստանին զգուշացրեց՝ պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու այդ երկիր չարտահանել արգելված ապրանքներ։ Վերջերս էլ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարի տեղակալն այս մասին ուղիղ էր խոսել Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Շաբաթներ առաջ էլ Հայաստանում գրանցված մեկ ընկերություն հայտնվեց պատժամիջոցների տակ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, զուտ էլեկտրոնիկայի վերաարտահանումն տնտեսական պատժամիջների պատճառ չի դառնա, ամեն ինչ կախված է զուգահեռ գործընթացներին, թե ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվում Արևմուտքի ու Հայաստանի միջև, ինչ քաղաքական զարգացումներ կլինեն տարածաշրջանում և այլն։

Փորձագետը, սակայն, շեշտում է՝ արևմտյան նախազգուշացումներին պետք է հետևել. - «Չեն ցանկանա և թույլ չեն տա, որ Հայաստանը շարունակաբար իրականացնի սանկցիաներից խուսափելու միջանցքի դեր, և ուշ թե շուտ անդրադառնալու են այս խնդրին», - ասաց տնտեսագետը։

Հայաստանի կառավարությունից հերքում են պնդումը, թե Երևանն օգնում է Մոսկվային շրջանցելու պատժամիջոցները։

«Որևէ կերպ չենք փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը մեր ռուս գործընկերների կողմից», - հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա անցած շաբաթ տեղեկացրեց, որ հարցը քննարկում են և' ամերիկացի, և' եվրոպացի գործընկերների հետ՝ նրանց մտահոգությունները փարատելու համար։ Պաշտոնյայի խոսքով, կառավարության դիրքորոշումը հստակ է, իսկ մասնավոր ընկերությունների գործունեությունը պետության ռիսկը չէ. - «Մի ձեռքի մատերի վրա հաշված որոշ ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Բայց դա այդ ընկերությունների ռիսկն է։ Մենք մեր մաքսային, բանկային թույլատվական գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների ապահովությունըմ այսինքն՝ սանկցիաների տակ չընկնելը»։

XS
SM
MD
LG