Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է հասկանա, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ հիմնված է շահերի և ուժի վրա․ քաղաքագետ


Ադրբեջանի՝ էթնիկ զտման մասին հայտարարություններին ո՛չ Եվրոպան պատասխան տվեց, ո՛չ Միացյալ Նահանգները, «Ազատության» հետ զրույցում նկատեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ շեշտելով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ հիմնված է շահերի և ուժի վրա։

Ընդգծելով, որ Ադրբեջանն ունի նավթ, գազ, Թուրքիան՝ հզոր բանակ, տնտեսություն, աշխարհագրական դիրք՝ քաղաքագետն ասաց՝ Հայաստանն էլ պետք է ինչ-որ բան ունենա, որ ինքն էլ առաջարկի, իսկ, օրինակ, Եվրոպան էլ հիշի էթնիկ զտման, մեր գերիների, դեմոկրատիայի մասին։

Խաչիկյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Խաչիկյան․ - Մենք միշտ հարցեր ենք տալիս՝ «իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չարեց, ինչո՞ւ Ռուսաստանը չարեց» և ճիշտ ենք տալիս, բայց Արևմուտքն ինչո՞ւ չենք հարցնում։ Եկել էին այստեղ իրենց ներկայացուցիչները։ Ալիևը բացեիբաց ասում է՝ լինելու է էթնիկ զտում։ Դա էթնիկ զտման հայտարարություն է։ Նա ասում է՝ «կա՛մ դառնալու եք մեր քաղաքացիները, կա՛մ դուրս եք գալու», սա էթնիկ զտման կոչ է, իսկ Եվրոպան պատասխան տվե՞ց, Միացյալ Նահանգները պատասխան տվե՞ց, ոչ։

«Ազատություն»․ - Որովհետև Հայաստանը դաշինք է կազմել Ռուսաստանի հետ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է (ՀԱՊԿ) և ոչ ՆԱՏՕ-ի, ինչո՞ւ մենք պետք է հաշիվ պահանջենք Երևմուտքից։

Խաչիկյան․ - Գիտեք, այդ արգումենտն օգտագործելն, իմ կարծիքով, սխալ է։ Եթե մենք դաշինք ունենք Ռուսաստանի հետ, դա չի նշանակում, որ միջազգային նորմերը չեն աշխատում այն էլ Ադրբեջանի տարածքում։ Դա չի նշանակում, որ կհանդուրժենք ցեղասպանություն։ Մենք անընդհատ օգտագործում ենք սա ինչ-որ թաքնվելու համար, դրա հետևը թաքնվում ենք։ Հետո, Ադրբեջանն էլ է Ռուսաստանի դաշնակից։ Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի պայմանագիր, որ նրանք Ռուսաստանի դաշնակիցն են, դա Ամերիկային չի խանգարում Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։ Նրանք դրա մասին խոսում են։

«Ազատություն»․ - Ի դեպ, պարոն Խաչիկյան, ի՞նչ գործ ունի Հայաստանը մի դաշինքում, որի գրեթե բոլոր անդամները ավելի դաշնակից են Ադրբեջանին քան Հայաստանին։

Խաչիկյան․ - Այո՛, նրանք թյուրք պետություններ են։

«Ազատություն»․ - Բացառությամբ, Բելառուսի, բայց որը էլի հաստատ ավելի լավ հարաբերություններ ունի։

Խաչիկյան․ - Այո՛։ Եթե մենք ինչ-որ այլընտրանք ունենք, դա կարելի էր քննարկել, բայց անընդհատ ասել՝ «գիտեք, սկզբից թռեք դուրս պատուհանից, հետո մենք ձեզ կասենք՝ կբռնենք, թե ոչ»։ Այդպես չի կարելի։ Այդ արգումենտն անընդհատ օգտագործվում է և բավականին խղճուկ արգումենտ է։ Որևէ առաջարկ, որևէ դաշինք, որևէ երաշխիք մենք Արևմուտքից ունե՞նք, եթե ունենք, եկեք խոսենք դրա մասին։ Պետդեպն ասում է՝ «մեր շահերն Ադրբեջանում են»։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը (Եվրահանձնաժողովի ղեկավար) գնում է Ալիևի մոտ, ասում է՝ «դուք մեր գործընկերն եք», ինչի մասին ենք մենք խոսում։

Մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ հիմնված է շահերի և ուժի վրա։ Ադրբեջանն ունի ինչ-որ բան, որ առաջարկի աշխարհին, ունի նավթ, գազ, Թուրքիան ունի հզոր բանակ, տնտեսություն, աշխարհագրական դիրք։ Մենք պետք է ինչ-որ բան ունենանք, որ մենք էլ առաջարկենք, որ Եվրոպան, օրինակ, հաջորդ անգամ, տիկին Ուրսուլան, Երևանում կանգ առնի և հիշի էթնիկ զտման մասին, մեր գերիների մասին, դեմոկրատիայի մասին։ Պարզվեց դա ոչ մեկին պետք չէր։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG