Մատչելիության հղումներ

Մտածել, որ խաղաղության պայմանագիր կարող ենք ունենալ առանց Ռուսաստանի, ես չեմ պատկերացնում. Նժդեհ Հովսեփյան


Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկրորդ օրն է՝ Վաշինգտոնում քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Դրանք, ըստ ամերիկյան կողմի, մի քանի օր են տևելու։

Այս թեմայով «Ազատությունը» զրուցել է փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար, վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Տեսնո՞ւմ եք խաղաղության հասնելու հնարավորություն:

Հովսեփյան. - Մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շատ հստակ նախանձախնդրություն կա, առնվազն արտգործնախարարների մակարդակով, իմ կարծիքով, առնվազն բազային սկզբունքների շուրջ երկու կողմից համաձայնություն կորզելու և այդ հարցում Նահանգները բավականին ակտիվ են, սա պայմանականորեն կարել է գուցե անվանել ագրեսիվ դիվանագիտություն: Թերևս առաջինը կարելի է ակնարկել Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը միշտ եղել է այս կոնֆլիկտի հիմնական գործոնը, որը միշտ փորձել է կոնֆլիկտը պահել իր տրամաբանության շրջանակներում և իր ենթակայության տակ: Այս պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այսպես ասած, ակտիվ ինտերվենցիան որոշակիորեն ստատուս քվո է փոխում տարածաշրջանում, բայց ես ուզում եմ նաև ասել, որ բարձր ակնկալիքներ ունենալ, որ Վաշինգտոնում ստեղծվելու է մի իրավիճակ և որ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի և այլն, կարծում եմ, դա այնքան էլ այդպես չպիտի ընկալել: Չեմ ուզում ասել՝ ակնկալիք չպիտի ունենալ, չէ, մի քանի օր տևող բանակցություններում, բնականաբար [շարժ] չի կարող չլինել, հատկապես, որ չասենք ամերիկյան ճնշում, բայց ամերիկյան ներկայություն կա, եթե անգամ պետքարտուղարը չի մասնակցում երկու նախարարների հանդիպումներին և բանակցություններին, այդ ներկայությունը կա: Հետևաբար այս առումով ասել, որ Նահանգները հաջողության չի հասնի, չեմ կարծում, բայց այն հաջողության ակնկալիքը, որ մենք կարող ենք ունենալ, այսինքն ունենալ հարատև խաղաղության, կայունություն, սահմանների նորմալ դեմարկացիա, դելիմիտացիա, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովում, հիմնարար իրավունքների ապահովում, երաշխավորում, ես այստեղ չէի շտապի, հատկապես, որ երկու կողմերը բավականին հեռու են իրենց դիրքորոշումներից և նաև գոյություն ունեն արտաքին ռեալ ֆակտորներ, սպասել, որ շատ արագ լուծումներ կլինեն, նույնիսկ ամերիկացիները, վստահ եմ, այդպես չեն կարծում:

«Ազատություն». - Դա կյանքի կոչելու համար նաև երաշխիքների ինստիտուտ է պետք: Վաշինգտոնը, մասնավորապես, կարո՞ղ է լինել այդ երաշխավորը:

Հովսեփյան. - Չեմ հավատում, որ մի առանձին պետություն կարող է այս կնֆլիկտի գարանտորը լինել խաղաղության պայմանագրի, ավելի շատ իմ պատկերացմամբ, ինչքան միջազգային մեխանիզմներն աշխատում են, մենք այստեղ կարող է հույս ունենանք ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, այսինքն կոլեկտիվ գարանտորի ինստիտուտ պիտի լինի:

«Ազատություն». - Որ մի ձևով Ռուսաստանը ներգրավված լինի:

Հովսեփյան. - Ռուսաստանն իմ կարծիքով չի կարող չներգրավվել, որովհետև այս տարածաշրջանում մեր համակրությունները կամ հակակրությունները պայմանավորված լինեն Նահանգներով, Ռուսաստանով կամ գուցե նաև Կամբոջայով, պետք է նստենք հաշվի այն իրողությունների հետ, որ կան տարածաշրջանում: Ռուսաստանը թեպետ ներքաշված է ուկրաինական կրիզիսի մեջ, բայց նա Կովկասից դեռևս չի գնացել, ավելին, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս էլ հայտարարել են, որ իրենք Կովկասից հեռանալու ցանկություն չունեն: Եվ այս առումով մտածել, որ խաղաղության պայմանագիր մենք կարող ենք ունենալ առանց Ռուսաստանի կամ անգամ Ռուսաստանի բացառելով, անգամ ավելին, ի հեճուկս Ռուսաստանի շահերի, ես անկեղծ ասած չեմ պատկերացնում և ավելին ասեմ՝ նաև նման տպավորություն չեմ ստացել ոչ մի միջազգային հանդիպումների ժամանակ թե՛ Երևանում, թե՛ արտերկրում:

«Ազատություն». - Ձեզ կուլիսյան հանդիպումներում չէի՞ն ասում, որ երաշխիքներ եք ուզում, օժանդակություն եք ուզում, նախ ռուսներին քշեք Կովկասից, ՀԱՊԿ-ից դուրս եկեք:

Հովսեփյան. - Ճիշտն ասած նման հանդիպումների երբեք չեմ մասնակցել, որ ինչ-որ մեկը նման անհեթեթություն ասի: Խնդիրն այն չի, որ ինչ-որ շրջանակ՝ կա՛մ պաշտոնական, կա՛մ մասնավոր, հանրային, հասարակական, քաղաքական ցանկանա Ռուսաստանին այստեղից քշել: Շատ բնական է, իհարկե, որ Միացյալ Նահանգների համար հետաքրքրվածություն կա Ռուսաստանի դիրքերն աշխարհի որևիցե անկյունում հնարավորինս թուլացնելու, նույն հետաքրքրվածությունն ունի նաև Ռուսաստանը: Սա այնքանով է ծիծաղելի, նկատի ունենալով, թե ինչքան ազդեցություն ունի Ռուսաստանը Հայաստանում, այլ հարց, որ հանրային տրամադրությունները այնքան էլ ռուսամետ չեն Հայաստանում և նաև վստահ եմ, որ Ադրբեջանում: Եվ այս տրամաբանությունը քաղաքական լուրջ պրոցեսների վրա, հատկապես միջազգային հարաբերությունների առումով և ռեգիոնալ գործընթացների տեսանկյունից միամտության է տանում:

Էդ որ ասում ենք՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հրաժարվի ԵԱՏՄ-ից և այլն, սրանք իբրև լոզունգներ վատ չեն հնչում, ավելին, բազմաթիվ սրտեր կարող են գերել, բայց դրանց պրակտիվ իմպլեմենտացիան բավականին դժվար է: Նահանգներում նաև այդ տրամաբանության շրջանակներում այսպիսի մի հարց առաջացավ՝ արդյոք Հայաստանը ցանկանում է ցատկել ճոճանակից և վստահ լինել, որ այդ ճոճանակն ունի մինչև ցատկելը: Եթե մենք այլ իրավիճակում լինեինք, չունենայինք Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքներ ռազմաքաղաքական բնույթի, ես կասեի, որ կարելի է մտածել նաև այդ տարբերակը փորձելու մասին, բայց երբ որ դու ունես ռազմական սպառնալիք կոնկրետ երկրից և մտածես երրորդ երկրից ևս այդ սպառնալիքն արտադրես ինքդ քեզ համար, դա այնքան էլ ողջամիտ չի, և կարծում եմ աշխարհում որոշում կայացնող որևիցե շրջանակ այդքան միամիտ չի, որ դրա ակնկալիքն ունենա և ավելին ասեմ՝ դրա պահանջը դնի մեր առաջ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG