Մատչելիության հղումներ

Աբրահամյանը սահմանապահ զորքերի հրամանատարի ազատումը քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ է համարում


Վարչապետի առաջարկությամբ ինչո՞ւ երեկ պաշտոնից ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը. իշխանական պատգամավորները կա՛մ կոնկրետ չեն պատասխանում հարցերին, կա՛մ հայտարարում են՝ չգիտեն։

«Տեղեկություններ չունեմ, ոչ թե գիտեմ, չեմ ասում», - ասաց Վիգեն Խաչատրյանը։

Հայաստանի գյուղեր են մտնում ադրբեջանցիներ, արդյոք դա՞ էր պաշտոնանկության պատճառը, թե՞ Սյունիքում ադրբեջանական վերջին առաջխաղաղացումը և դրան հետևած զինված բախումը, որի հետևանքով 2 օր առաջ չորս հայ զինծառայողներ զոհվեցին. ոչ մի հստակություն, միայն ակնարկներ։

Սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը պաշտոնանկ արվեց ադրբեջանական առաջխաղացումից միայն երկու շաբաթ անց։ Վարչապետն ուղիղ չի հայտարարել իր որոշման պատճառները, բայց ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ նա ևս ակնարկներ արեց։

2 շաբաթ առաջ, երբ ադրբեջանցիները հաղորդում էին մի շարք բարձունքներ վերցնելու, սյունեցիներն էլ՝ պնդում, թե ադրբեջանցիները Տեղ գյուղի հողեր են մտել, վարչապետը հավաստիացնում էր՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան - Արցախ երթուղին է փոխվել, ադրբեջանական հաղորդումներն էլ բլոկբաստեր որակում։ Երեկ արդեն, ասում էր, հանձնարարություններ է տվել, որոնք ձախողվել են. - «Կոնկրետ այդ իրավիճակային դեպքերից է, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, խնդիրներն եմ առաջադրել և այլն։ Եվ իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար, և առնվազն ինձ համար միանշանակ է, որ մենք այստեղ էլ պետք է քննենք և հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել, և ինչի համար է այդպես տեղի ունեցել»։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տպավորություն ունի՝ իշխանությունը փորձում է առավելագույնն անել՝ ինքն իրեն պաշտպանելու համար. - «Իշխանությունը իրավիճակի թեժացման կամ հանրային քննադատության այդ համատեքստում մշտապես փորձում է «զոհեր» մատուցել. մի դեպքում դա եղել է բանակային կորպուսի հրամանատար, երկրորդ կորպուսի հրամանատարը՝ կապված 2021-ին տեղի ունեցած հայտնի ադրբեջանական ներխուժումների հետ։

Ես սահմանապահ զորքերի հրամանատարի ազատումը դիտարկում եմ առաջին հերթին քաղաքական պատասխանատվությունից խուսափելու իշխանությունների այդ մոլուցքից և ըստ իրավիճակի թիրախներ գտնելու և նրա վրա բադելու այդ տրամաբանությունից»։

Ըստ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ Տեղ գյուղում ստեղծված իրավիճակից հետո միայն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է հեռացվել, այլևս ծառայողական քննություն սկսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG