Մատչելիության հղումներ

Բաքուն «միակողմանի» է որակում Փարիզի հայտարարությունը


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը «միակողմանի» և «իրականությանը չհամապատասխանող» է որակել Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունը երկու օր առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների վերաբերյալ: Բաքուն կոչ է արել Փարիզին զերծ մնալ նման հայտարարություններից։

«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունն ի պաշտպանություն Հայաստանի՝ կապված ապրիլի 11-ին հայ - ադրբեջանական սահմանին հայկական կողմի սադրանքի հետ, իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:

«Ֆրանսիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության միակողմանի հարգման կարևորության մասին հայտարարությունը, որը Հայաստանին կոչ չի արել հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և Երևանից չի պահանջել հայկական զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից՝ եռակողմ հայտարարության և Պրահայի հանդիպման արդյունքների համաձայն, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահը, մեր երկրի նկատմամբ Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի օրինակ է», - պնդում է Բաքուն։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ հրապարակած հայտարարությունում ընդգծել է, որ ապրիլի 11-ի իրադարձությունները տեղի են ունեցել հայկական տարածքում: «Հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար», - հայտարարել է պաշտոնական Փարիզը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին:
Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

XS
SM
MD
LG