Արցախից չեն հաստատում, որ մարտի 25-ին Ստեփանակերտ - Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում բարձունքի գրավումից և այլընտրանքային ճանապարհը վերահսկողության տակ վերցնելուց հետո, ադրբեջանական զինուժը կրկին առաջխաղացում է ունեցել՝ բարելավելով այդ ուղղությամբ իր դիրքերը։
Ամեն դեպքում իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, թե ինքը նման տեղեկություն չունի. - «25-ին՝ հենց որ տեղակայվել են այդ բարձունքներում, այդտեղ են իրենք դիրքավորվել, դրանից հետո տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել, այսինքն, չեմ կարող որևէ ձև էդ տեղեկատվությունը ասել, որ կա այդպիսի բան»:
Մինչդեռ Արցախի նախագահի նախկին խորհրդական, Հայաստանի խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ մարտի 25 -ի առաջխաղացումից հետո էլ ադրբեջանական զինուժին հաջողվել է բարելավել դիրքերը։ Ընդհանուր առմամբ, ըստ պատգամավորի, Բաքուն Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի տարբեր կարևորագույն հատվածներում կարողացել է իր ներկայությունն ապահովել ու ամրապնդվել։
«Հիմնականում 5-6 ուղղություններով է առաջխաղացում ունեցել, այդ 5-6 առաջխաղացումները մոտավորապես մի քանի տասնյակ կմ այդ ճակատում են տեղի ունեցել», - ասաց Աբրահամյանը:
«Ազատության» հարցին՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկա՞ն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Որքան ես եմ տեղյակ, ռուս խաղաղապահները տեղակայվել են այն հատվածում, որտեղ առաջին անգամ եղել է առաջխաղացումը, և որտեղից ադրբեջանական կողմը էֆեկտիվ նշանառության տակ էր առել գրունտային ճանապարհը: Բայց դրանից հետո ևս ադրբեջանական ակտիվությունը չի նվազել, նրանք տարբեր ուղղություններով որոշակի առաջխաղացում և առավել բարենպաստ դիրքեր դուրս գալու հնարավորություն են իրենք իրենց համար ապահովել, իսկ այդ ուղղություններով ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ես ինքս տեղեկատվություն չունեմ»:
Մինչ պաշտոնական Ստեփանակերտը չի հաստատում մարտի 25 -ից հետո ադրբեջանական նոր առաջխաղացման ու դիրքերի բարելավման մասին տեղեկությունը, երեկ պաշտոնական Բաքուն տեղեկություն տարածեց, որ մարտի 25-ին իրականացված գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցրել Շուշիի շրջանի երկու նախկին ադրբեջանական լքված գյուղերը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև կարճ տեսանյութեր էին տարածել, որոնցում երևում էին այդ գյուղերի տների ավերակները։
Արցախի նախագահի խոսնակը Բաքվի այս հայտարարությունը հրաժարվեց մեկնաբանել, մինչդեռ Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ այդ նախկին բնակավայրերը գտնվում են հենց Ստեփանակերտ - Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում։
«Ադրբեջանական առաջխաղացումից հետո Ադրբեջանն այդ նախկին բնակավայրերի նկատմամբ ունի որոշակի վերահսկողություն», - նշեց Աբրահամյանը:
Արցախի Իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը պարզաբանում է՝ Բաքվի նշած երկու գյուղերում ոչ ոք չէր բնակվում, մարտի 25 -ի առաջխաղացումից հետո պարզապես այդ գյուղերի տարածքները նրանց համար տեսանելի են դարձել։
«Էդ բարձունքներից գրունտային ճանապարհն է տեսանելի դարձել և նաև այդ նախկինում երկու գյուղերը, որ իրենք նշել են», - ասաց Հարությունյանը:
Մինչդեռ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Բաքուն փորձում է բոլոր ուղղություններով վերահսկողության տակ վերցնել Արցախի կոմունիկացիները։ Նախ փակեց Հայաստանին կապող Գորիս - Ստեփանակերտ հիմնական ճանապարհը, այժմ էլ այլընտրանքային գրունտային ճանապարհը վերահսկողության տակ վերցնելով, Բաքուն էլ ավելի սեղմեց օղակը Արցախի շուրջ։
«Շատ սահմանափակ է եղել այդտեղով շարժը, բայց դա հնարավորություն է եղել որևէ փուլում ճանապարհային բարելավումներ իրականացնելու և շատ ավելի մեծ ծավալով կիրառելու համար: Ադրբեջանը դրա հնարավորությունն է փակել: Սա լրացուցիչ բավականին մեծ ճնշում է Արցախում ապրող մարդկանց նկատմամբ, ովքեր առանց այդ էլ ունեն անվտանգային և նաև շրջափակումից բխող մեծ թվով խնդիրներ, Ադրբեջանն այդ քայլով այդ օղակը բավականին սեղմել է», - ասաց ընդդիմադր պատգամավորը:
Ադրբեջանական զինուժի կողմից նոր առաջխաղացման մասին լուրերին զուգահեռ, Արցախից շարունակում են պնդել, թե ռուսները բանակցում են ադրբեջանական կողմի հետ, գրունտային ճանապարհի հատվածում գրաված բարձունքից ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Բանակցությունները, սակայն, արդեն 10 -ը օր է՝ որևէ արդյունք չեն տվել։
Մարտի 25-ի ադրբեջանական առաջխաղացումից հետո Արցախի 4 համայնքները՝ Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենն ու Եղցահողը կտրված են Ստեփանակերտից և Արցախի մյուս բնակավայրերից։ Լիսագորի համայնաքապետ Գագիկ Նասիբյանն ասում է, որ ադրբեջանական զինուժն այժմ գրունտային ճանապարհից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է։ Այդ ճանապարհով երթևեկելն անհնար է, բայց Լիսագորում հույսը չեն կորցնում, որ բանակցություններն արդյունք կտան։
«Էդ հույսն ա մնացել, հույսից էլ, որ կտրվենք, արդեն տակը բան չի մնա», - ասաց Նասիբյանը: