Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է մի խումբ բնակիչների ուղղությամբ, տուժածներ չկան. Արցախի ՆԳՆ


Երեկ և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ բնակիչների ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Տուժածներ չկան։

«Ազատությունը» պարզեց՝ հատվածը, որտեղ գտնվել են գյուղացիները Մաճկալաշենի հարևանությամբ գտնվող Սոս համայնքի վարչական տարածքում է։ Սոսի գյուղապետ Հունան Գրիգորյանն ասաց՝ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանցիներին անգամ խաղաղապահների ներկայությունը չի զսպում։

«Խաղողի այգիներում աշխատելուց ռուս խաղաղապահները կանգնած էին, առանց իրանց չէր, սկսեցին կրակել: Մենակ ինքնաձիգերից չեն կրակել, գնդացիրներից՝ խոշոր տրամաչափի», - ասաց գյուղապետը:

Ըստ Գրիգորյանի՝ ադրբեջանցիները վերջին երկու շաբաթների ընթացքում գրեթե ամեն օր են գյուղացիների ուղղությամբ կրակում. - «Այգիների վրա են կրակում, տենց մոտ տարածքների վրա, էնքան որ չաշխատեն էլի, դե օդ են կրակում, հետո եթե տեսնում են աշխատանքները շարունակվում են, կոնկրետ այգիների ուղղությամբ են կրակում»:

Ճարտարի խաղողի այգիների մի հատվածում գյուղատնտեսական աշխատանքները դեռ չեն վերսկսվել

Ադրբեջանական կրակոցներից 2 օր անց էլ Մարտունու շրջանի Ճարտարի խաղողի այգիների մի հատվածում գյուղատնտեսական աշխատանքները դեռ չեն վերսկսվել. Ադրբեջանի զինուժն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։

Այգետերերից Արտյոմ Ջիվանյանն «Ազատությանն» ասաց՝ աշխատանքները շարունակում են միայն համեմատաբար ավելի անվտանգ հատվածներում։

«Աշխատում են թուրքի դիրքերից ոչ տեսանելի վայրերում, մարդիկ տենց էլի մի քիչ հանգիստ են լինում», - նշեց Ջիվանյանը:

Սեփական խաղողի 10 հեկտար այգու մի զգալի հատվածը հենց ադրբեջանցիների թիրախում է: Թեև չորեքշաբթի օրը ադրբեջանական կրակոցներից բնակիչները չէին տուժել, սակայն հիմա զգուշավոր են։ Ճարտարցիներն էլ են վախենում՝ հանկարծ նորից չկրակեն։

«Չեմ կարա տանեմ ընդեղ նորից աշխատեն, որովհետև բնական է՝ վախեցել են էլի», - ասաց Արտյոմ Ջիվանյանը:

Զգուշավորությունը զգուշավորություն, բայց երիտասարդ գյուղատնտեսը ճիշտ չի համարում ադրբեջանցիների քմահաճույքով շարժվելը. - «Իրանք կարան թողնեն մենք խաղողի այգին մշակենք, պրծնենք, գա բերքը հավաքելու ժամանակը, մի հատ փոմփուշտով, վերջ, էլ չկարողանաս բերքը հավաքել»:

Միջադեպից հետո բնակիչները ռուս խաղապահներին են դիմել Ճարտար գալու համար, որ իրենց աշխատանքները կարողանան շարունակել։ Ճարտարի գյուղապետ Վլադիկ Հովհաննիսյանը հայտնեց, սակայն, դեռ պայմանավորվածություն չունեն ռուսների հետ։

Ավելի վաղ էլ Ստեփանակերտից հայտնել էին, որ կրակ են բացել Թաղավարդի դաշտերում ու Ամարասի հովտին հարակից խաղողի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ։ Իսկ նման հաղորդագրությունները պարբերաբար են դառնում, երբ գյուղատնտեսական աշխատանքներն են սկսվում։

Խրամորթի ղեկավար. գյուղացիները միայն գյուղի վարչական տարածքի ներսում են գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում

Ասկերանի շրջանի Խրամորթն էլ է ժամանակ առ ժամանակ հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Անցած տարեվերջին անգամ գյուղացիներից մեկը մարմնական վնասվածքներ էր ստացել կրակոցներից։

«Տրակտորիստները ռիսկ չեն անում մտնել դաշտ, քանզի վախենում են, որ կարող է կրակեն, պատճառն այն է, որ հենց ռուս խաղաղապահը կանգնած է եղել, էդ ժամանակ կրակել են տրակտորի վրա, ամբողջ պատճառը դրանում է կայանում», - ասաց Խրամորթի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:

Խրամորթի ղեկավարը հայտնեց՝ չնայած հիմա ադրբեջանցիները չեն կրակում, գյուղացիները միայն ադրբեջանական դիրքերից շատ հեռու՝ գյուղի վարչական տարածքի ներսում են գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում։ Շուրջ մեկ տարի առաջ հարևան Փառուխ ադրբեջանական ներխուժումից հետո Խրամորթի այգիների մեծ մասը դարձել է ադրբեջանցիների սեփականությունը, ասում է Աբրահամյանը։

«Հենց մտան էդ այգիների մեջ, իրենց պոստերը դրեցին էդ այգիների դեմը, էլ չենք կարողանում մենք ընդեղ գնանք, իրենք մշակում են, իրենք էլ բերքը հավաքում են», - ասաց նա:

Իսկ այգիների կորուստից ոչ միայն խրամորթցիներն են տուժել՝ զրկվելով եկամտի աղբյուրից, այլև այլ համայնքների բնակիչներ, որ գյուղ էին գալիս՝ աշխատանքի նպատակով։ Բազմաթիվ արցախցիներ աշխատանքը կորցնում են նաև շրջափակման պատճառով։ Պաշտոնական նախնական հաշվարկով՝ փաստացի աշխատանքն ու եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9,800 արցախցի։ Նույն այդ տվյալների համաձայն՝ միայն տեղական հարկային եկամուտները կրճատվել են 70 տոկոսով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG