Մատչելիության հղումներ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը Բաքվում մեծ դժգոհություն է առաջացրել  


Եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի, իրենց «առաքելությունն արդեն հաջողված է», Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի այս հայտարարությունը Բաքվում մեծ դժգոհություն է առաջացրել։

Հայաստանի ԱԳՆ-ից այս պահին չեն արձագանքել։

Անցած հոկտեմբերից կարճաժամկետ, իսկ այս փետրվարից արդեն երկարաժամկետ՝ երկու տարով Հայաստանի սահմաններին դիտորդություն իրականացնող եվրոպացի մասնագետները մինչև այս պահը ձեռնպահ էին մնում մեկնաբանություններից, և ահա գերմանական Դոյչե Վելեն հրապարակեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը։

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանի կողմից գարնանային հարձակում կլինի: Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է։ Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ ու տեսախցիկներ մեր տրամադրության տակ», - ասել է նա։

Անցած տարի Ադրբեջանի հարձակումից մոտ մեկ ամիս անց Բաքուն համաձայնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի Հայաստանի հատվածում տեղակայվեն Եվրամիության քաղաքացիական անզեն դիտորդները։ Այն ժամանակ առաքելությունը 2 ամսով էր։ Մինչդեռ այս մեկին՝ երկարաժամետ ու 100 հոգանոց առաքելությանն Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել։ Նախագահ Իլհամ Ալիևը պնդել է՝ նոր առաքելությունը «տարածաշրջանի անվտանգությանը չի նպաստի», ադրբեջանական արտգործնախարարությունը՝ հայտարարել՝ «առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար։

Առաքելությունից պարբերաբար դժգոհող Բաքուն այսօր էլ շտապեց դատապարտել ԵՄ պաշտոնյայի հայտարարությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման», - ասել է արտգործնախարարության խոսնակը։

Ուղիղ մեկ շաբաթ առաջ հայ-ադրբեջանական դիրքերի Երասխի հատվածում ադրբեջանական կրակոցից զինծառայող զոհվեց, դրանից օրեր առաջ ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով Արցախում երեք ոստիկան սպանվեց, ադրբեջանցիները Լիսագորում են բարձրունք գրավել։ Իսկ հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքները վերջին շրջանում պարբերական են։

Այս ֆոնին հայկական կողմը արդեն տևական ժամանակ խոսում է նոր էսկալացիայի վտանգից։ Ամսվա սկզբին Միացյալ Նահանգներն էլ հնարավոր համարեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարճատև զինված առճակատումը։ Փաստորեն, եվրոպացիներն էլ ադրբեջանական ռազմական գործողությունները չեն բացառում։

Եվրոպացիների ներկայությունն ինչ-որ չափով զսպում է ադրբեջանցիներին. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ եվրոպացիների ներկայությունն ինչ-որ չափով զսպում է ադրբեջանցիներին, բայց չի բացառում նոր էսկալացիան։ Այս ընթացքում լռություն պահպանող եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը ավելի շատ անզգուշության հետևանք է համարում, քան դիվանագիտական սկանդալ հրահրելու ցանկություն։ Քաղաքագետը չի բացառում, որ Բաքուն ինչ-որ պահի առաքելության ղեկավարի այս հայտարարությունը կարող է օգտագործել եվրոպական միջնորդությամբ բանակցությունները տապալելու համար։ Ֆրանսիայից հնչած հայամետ հայտարարություններն ադրբեջանցիներն անպատասխան չթողեցին. հիմա Ալիևը մերժում է հայ-ադրբեջանական բանակցություններում Մակրոնի միջնորդությունը։

«Մեծ հաշվով ուղիղ տեքստով ասում էին, որ մենք օգտագործում ենք ռազմական ճնշում Հայաստանի նկատմամբ, և դա նպաստում է բանակցությունների առաջ գնալուն, իսկ հիմա փաստացիորեն նրանք հայտարարում են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը խոչընդոտ է իրենց այդ մարտավարության համար», - ասաց քաղաքագետը։

Ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակությունն էր տեղեկացրել, սահմաններին պարեկություն իրականացնող առաքելությունը ուղարկվել էր Հայաստանի դիմումի հիման վրա։ Հայտնի է, որ դիտորդները իրենց արձանագրածի վերաբերյալ զեկույցներ են ուղարկում եվրոպական մայրաքաղաքներ, Հայաստանի արտգործնախարարի անցած շաբաթավերջին արած հայտարարությունից պարզ դարձավ՝ հայկական կողմին այդ փաստաթղթերը հասանելի չեն։

Հայաստանում եվրոպացի դիտորդների գալու մասին ամենատարբեր մեկնաբանությունները եղան։ Եվրոպացիները հայտարարարեցին՝ նպատակը Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը նպաստելը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն նպաստավոր միջավայր ապահովելն է, Մոսկվան դժգոհեց, թե նրանք կարող են միայն «աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան»։ Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասաց՝ դիտորդներին հրավիրել են, որ եվրոպացիները տեսնեն՝ կեղծ են ադրբեջանցիների պնդումները, թե Հայաստանն ու Ռուսաստանը նրանց դեմ ագրեսիա են պատրաստում։

XS
SM
MD
LG